Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակվող պետական ճնշումների առնչությամբ, այդ թվում՝ հոգևորականների ձերբակալությունների և ահաբեկման, եկեղեցական հաստատությունների թիրախավորման, ինչպես նաև իրավական համակարգը որպես ճնշման մեթոդի կիրառման՝ կրոնական առաջնորդությանը լռեցնելու նպատակով։
«Այս զարգացումները լուրջ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների համար և ներխուժում են հայկական ինքնության հիմնարար կառույցների դաշտ։ Դրանք ցավալի օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են ցեղասպան գործընթացների տրամաբանությունները տեղայնացվել վտանգի պայմաններում», – ասված է կառույցի հայտարարության մեջ։
Լեմկինի ինստիտուտը նկատել է, որ թեև ՀՀ կառավարությունը պնդում է, որ իր գործողությունները հիմնված են քրեական իրավախախտումների ապացույցների վրա, Եկեղեցու առաջնորդները ձերբակալությունները որակել են քաղաքական՝ դրանք անվանելով կրոնական ազատության դեմ հարձակում և Եկեղեցին թուլացնելու միտումնավոր փորձ։
«Ընդհանուր առմամբ, այս զարգացումները, հատկապես բարձրաստիճան հոգևորականների կալանավորումները, լուրջ մտահոգություններ են առաջացնում իրավական պետության երաշխիքների թուլացման վերաբերյալ։ Պետությունը որևէ ապացույց չի ներկայացրել հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավորելու համար։ Միևնույն ժամանակ, պետական մարմինների փաստագրված գործողությունները՝ ներառյալ փորձերը ազդելու կրոնական արարողությունների վրա, ճնշում գործադրելու հոգևոր ղեկավարության նկատմամբ և միջամտելու Եկեղեցու ներքին կառավարմանը, քաղաքացիական խմբերի և մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից արժանացել են խիստ քննադատության՝ որպես օրինական պետական լիազորությունների գերազանցում և եկեղեցի–պետություն սահմանադրական բաժանման խաթարում», – նշել են ինստիտուտի փորձագետները։
Բացի այդ, ըստ հաղորդագրության՝ Հայաստանի կառավարության վերջին որոշումը՝ «Շողակաթ» հեռուստաալիքը (Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հիմնված և պատմականորեն համաֆինանսավորվող մեդիա հարթակ) ազգային թվային փաթեթից հանելու վերաբերյալ, ևս մեկ քայլ է Եկեղեցու շարունակական մարգինալացման ուղղությամբ։
Ինստիտուը շեշտել է՝ այս ճնշումները տեղի են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ սրված լարվածության ֆոնին, ինչը քննադատության է արժանացել Եկեղեցու առաջնորդների կողմից։
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի կառավարությանը անհապաղ դադարեցնել «հոգևորականության դեմ բոլոր քաղաքականորեն դրդված գործողությունները և վերահաստատել իր հանձնառությունը կրոնական ազատության և բազմակարծության սահմանադրական սկզբունքներին»:
Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսների հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, Հայաստանի իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցապատկան «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
