30 դեկտեմբերի 2025 – 11:44 AMT
PanARMENIAN.Net – Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Մեր ժամանակների հերոսը» 2025 թվականի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ժամանակների հերոսը» 2025 մրցանակը հանձնվել է աստղագետ Ավետիք Գրիգորյանինn։
Մինչև գլխավոր մրցանակի հանձնումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել խոսքով՝ նշելով, որ անհատը կարող է իրական փոփոխություն բերել։
«Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք և ավելի ու ավելի շատ մարդու ուշադրությունը հրավիրենք այն մտքի վրա, որ ինքը կարող է, որ մարդը կարող է, որ անհատը կարող է, որ անհատից իսկապես շատ բան է կախված։ Ընդհանուր առմամբ, խնդիրների լուծման, պետության կայացման կամ երկրի զարգացման բուրգի մասին պատկերացումները երբեմն կարծրացած են լինում, և երբեմն, ժամանակ առ ժամանակ, մենք կարիք ունենք դրան նորից անդրադառնալու։
Իհարկե, այն, ինչ անում է օրենսդիր իշխանությունը, այն, ինչ անում է գործող իշխանությունը, այն, ինչ անում են դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, այդ ամեն ինչը շատ կարևոր են, առանցքային են, էական են, բայց մենք երբեմն մոռանում ենք, որ օրենսդիր, գործադիր, պետական իշխանությունը նույնպես ձևավորվում է անհատների կայացրած որոշումների միջոցով և շնորհիվ։ Այսինքն՝ ամեն անհատ-ընտրողն է որոշում իշխանության պատկերը, կերպարը, ով լինելը, ծրագիրը և այլն։ Եվ նաև սա է պատճառը, որ մենք անընդհատ ավելի ու ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք անհատի դերի և կարողության վրա»,–ասել է վարչապետը։
Նա նշել է, որ այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում հատկապես կրթական ուղղությամբ ներկայացված մրցանակները զգալիորեն ավելացել են։
«Սա նաև մեր ռազմավարությունների մեջ է մտնում։ Այս տարի մենք ներդրեցինք Համընդհանուր հայտարարագրման համակարգը, որտեղ նախատեսված են սոցիալական կրեդիտներ, այդ թվում՝ կրթության ոլորտում ծառայությունների համար։ Եվ մենք կանխատեսում էինք, որ կրթության ոլորտում կշարունակեն նոր ծառայություններ ի հայտ գալ, որովհետև ուսուցիչը, այո, կամավոր ատեստավորմամբ կարող է իր վարձատրությունն ավելացնել, բայց ինքը կարող է նաև ստեղծել մի ձեռնարկություն՝ իր աշխատանքը դպրոցից դուրս շարունակելով, և դրանով շատ մեծ տնտեսական և նաև կրթական էֆեկտ ստեղծել»,- ասել է երկրի ղեկավարը։
Վարչապետը հավելել է, որ պարզապես անհրաժեշտ է ձեռքը պարզել և բաց լինել կրթության ու նոր գաղափարների նկատմամբ։ Նա շեշտել է, որ այս տարվա գլխավոր մրցանակն իր համար ունի առանձնահատուկ նշանակություն։
«Շատ կարևոր է, որ Հայաստանում կան անհատներ, որոնք մտածում են ոչ միայն անհատի, այլև պետության մտածողության մասշտաբով և գուցե, ինչ-որ տեղ պետության փոխարեն և գուցե այն տրամաբանությամբ, որ այդ մտածողությունն այնքան կզարգանա, որ պետությունը, մասնավոր հատվածն ավելի մեծ ուշադրություն կդարձնի դրան։ Բայց շատ կարևոր է, որ այդ մարդիկ, մասնավորապես՝ մեր այսօրվա մրցանակակիրը, այդ գործն անում է անխոնջ, նախ, որովհետև սիրում է այդ գործը, և երկրորդը՝ հավատում է այդ գործին։ Եվ այդ սիրով, հավատով և այդ գործի էներգիայով, հետաքրքրությամբ, խորությամբ ոգևորում է նաև ուրիշներին»,–ասել է նա։