30 դեկտեմբերի 2025 – 11:33 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի լույս 30–ի գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտընել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ընկերոջս, Խաչիկ Գալստյանին հակակոռուպցիոն կոմիտեն շինծու մեղադրանքով եւ կալանքի նպատակով ձերբակալեց: Քաղաքական հետապնդումները շարունակվում են»,–գրել է նա։
Ձերբակալվել է նաև կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։ Այդ մասին հայտնել է նույն կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։
«Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Մնացած մանրամասները՝ հաջորդիվ»։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թ. նոյեմբերի 16–ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ընտրակաշառքի դեպքերով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը, տեղեկացնում է Spuitnik Արմենիան։
Կոմիտեից նշել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերով:
«Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը»,– ասված է հաղորդագրության մեջ։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Առաքելյանը տեղեկացրել է. «Այլևս ոչ մի հարց չի ծագում,թե ինչու այլևս հնարավոր չէ այս «բեսպրեդելի» մեջ արդարություն փնտրել: Իմ լավ ընկեր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, առաքինի ու բացառիկ տեսակ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է: Նիկոլը նրան տանում է կալանքի:
Ձերբակալվել է նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը, նրան էլ են տանում են կալանքի»։