Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին խոշոր փոխանցումներ են կատարվել:
Հիմնադրամին մասնավորապես 20 մլն դրամ էր փոխանցել «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն: Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկացել էինք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, բաժնեմասերի 57.5 տոկոսը պատկանում է Բելառուսի քաղաքացի Ստանիսլավ Բեկովին, 36 տոկոսը ՀՀ քաղաքացի Կարինա Ղազարյանին, իսկ մնացած 6,5 տոկոսը՝ ««Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ԲԲ ընկերությունը:
Գրել էինք նաև, որ կառավարության 2019 թվականի փետրվաի 21-ի նիստում որոշվել է մաքսային արտոնություն տրամադրել «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
Ըստ հայտարարության, ընկերության կողմից ներմուծվող ապրանքները պետք է օգտագործվեին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։
«News.5tv.am»-ը կառավարությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ ճակատագիր է ունեցել այս նախագիծը, արդյոք ռազմամթերքի արտադրությունը հիմնվե՞լ է, ընկերությունը մինչ այժմ օտվում է հարկային արտոնությունից: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը.
«Ռազմամթերքի արտադրության հիմնումը՝ համաձայն «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024թ.-ի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N 1215-Լ հրամանի, ռազմական բնագավառի տեղեկությունների 1 4.7 և 5 4.8 կետերի, հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և հրապարակման ենթակա չէ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Ընկերությունը կարող է մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվել մինչև վերջինիս անհատական որոշմամբ հաստատված ապրանքների խմբաքանակի սպառումը:
Ընկերությունը բնականոն հունով շարունակում է իրականացնել ներդրումային ծրագրով ներկայացված գործունեությունը: Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի և արտադրանքի ծավալների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա այն համարվում է առևտրային գաղտնիք և ենթակա չէ հրապարակման»: