Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառքի վարույթով 10 անձ է ձերբակալվել, կա կալանավորված․ ՀԿ

Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառքի գործով 10 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանի և կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ձերբակալությանը։

Նշվում է, որ Քոչարյանին և Գալստյանին ձերբակալել են նախօրեին, իսկ 8 այլ անձանց, ներառյալ՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալին (անունը չի նշվում-խմբ․), ձերբակալել են օրերս։ Կոմիտեից հավելել են, որ 8 ձերբակալվածներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կոմիտեից հավելել են, որ կուսակցության պատասխանատուին և գլխավոր քարտուղարին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։

Բոլորին, ըստ Հակակոռուպցիոնի, ձերբակալել են Վաղարշապատում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններում առավելագույն ձայներն ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ներքին գործերի նախարարությունը ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել էր 10 ահազանգ։ Դիտորդները մի շարք ընտրախախտումներ էին արձանագրել։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 28-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են Գալստյանի բնակարանը, ավելի ուշ նրան և Քոչարյանին ձերբակալել էին։

Leave a Comment