Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո Հայաստանի կառավարությունը սկսեց Մարգարայի անցակետի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն ամբողջությամբ ավարտվել են։ Այս պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս՝ ավելի քան երեք տարի անց, կյանքի չի կոչվել։
Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան Երևանի հետ հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ սահմանի բացման նախապայման է դնում հայ – ադրբեջանական բանակցությունների դրական ելքը:
Նախորդ շաբաթ Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիրի նահանգապետն ու այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ այցելել էին Թուրքիա–Հայաստան սահմանի Ալիջանի անցակետ, ուսումնասիրել անցակետում տեխնիկական ենթակառուցվածքներ ստեղծելու պայմանները։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ արդեն ժամանակն է, որպեսզի գետնի վրա շոշափելի առաջընթաց լինի։ Դեկտեմբերի 29 -ին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ 2026թ. հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:
Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում, քաղաքացիներից հետաքրքրվել՝ ինչպե՞ս են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը, ի՞նչ ռիսկեր և հեռանկարներ են տեսնում:
Հարցման մասնակիցներից ոմանք սահմանների բացմանը վատ չեն վերաբերվում, սակայն ռեսկեր տեսնում են։
«Երևի լավ։ Ընդհանրապես փակ սահմանները ոչ ոքի ձեռք չի տալիս։ Բայց պետք է, որ մենք դրանից չտուժվենք։ Հնարավոր է գյուղատնտեսական ոլորտը վերանա, իրենք սուբվենցիոն ծրագրեր ունեն, իսկ մենք չունենք»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիներից ոմանք էլ բացասական են վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը:
«Բարեկամացա՞ք թուրքերի հետ, չպետք է բացվի հայ-թուրքական սահմանը», – ասել է հարցման մեկ այլ մասնակից։
Մանրամասները՝ տեսանյութում։
