Կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը և ևս 7 անձ

Հասարակություն

30.12.2025 | 10:36

Գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել փաստաբան Արսեն Բաբայանը։

«Խաչիկ Գալստյանին Հակակոռուպցիոն կոմիտեն շինծու մեղադրանքով և կալանքի նպատակով ձերբակալեց: Քաղաքական հետապնդումները շարունակվում են»,- նշել է փաստաբանը՝ առանց մանրամասնելու մեղադրանքը։

Ավելի վաղ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են Գալստյանի բնակարանը:

«Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ», – նշել էր Վանեցյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ի հարցմանն ի պատասխան նշեցին՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։

«Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- ասաց Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

 

Ռոզա Վարդանյան

Leave a Comment