Բազմանում են քաղբանտարկյալները․ ինչո՞ւ ձերբակալեցին Խաչիկ Գալստյանին

Քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները շարունակվում են։ Ինչպես և կանխատեսվում էր, իրավապահ համակարգի մամլիչի տակ են ընկնում պոտենցիալ մրցակից ուժերի ղեկավարները։

Դեկտեմբերի 29-ի երեկոյան Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին: Այս մասին հայտնել է փաստաբան Սոս Հակոբյանը: Ավելի վաղ Արթուր Վանեցյանը գրել էր, որ իրեն անհայտ պատճառով Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Խաչիկ Գալստյանի բնակարանը։ «Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ»,- գրել էր նա։

Ինչո՞ւ ձերբակալեցին Խաչիկ Գալստյանին։

Ուշագրավ է, որ ՔՊ-ական իշխանությունները պարզաբանում չեն ներկայացնում, նույնիսկ մոտավորապես պարզ չէ, թե ինչու են ձերբակալում քաղաքական գործչին։ Եվ հանրությունը, բնականաբար, իրավունք ունի ենթադրելու, որ սա քաղաքական հետապնդումների շարքից է։ Ավելին՝ ողջամիտ կասկած կա ՔՊ-ական իշխանությունները միտումնավոր պարզաբանում չեն ներկայացնում, որ հանրությունը կարծի, թե Խաչիկ Գալստյանին ձերբակալել են իր քաղաքական գործունեության համար։ Այսպիսով՝ ՔՊ-ական իշխանությունները վախ են տարածում հանրության շրջանում, քաղաքական համայնքում, որ կարող են հանիրավի ձերբակալել պոտենցիալ մրցակից ուժերի ներկայացուցիչներին, թուլացնել նրանց շարքերը, որ նրանց կարողանան հաղթել 2026-ի ընտրություններում։

Հանրության շրջանում ասեկոսե է տարածվում, թե այս ձերբակալությունը կապված է Վաղարշապատի ընտրությունների հետ։ Այս վարկածն ամրացավ երկրորդ ձերբակալությամբ։ Դեկտեմբերի 30-ի գիշերը ձերբակալվել է նաև Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը։ Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը։

Նկատենք, որ Վաղարշապատի ընտրություններում այս կուսակցությունը պարտվել է, չի հավաքել բավարար քանակով քվե, մանդատ չի ստացել, դուրս է մնացել։ Այս տեսանկյունից՝ «Հայրենիքը» ուժեղ մրցակից չէ։ Հետևապես՝ ձերբակալությունները դժվար է կապել գալիք ընտրությունների հետ։

Աշխարհաքաղաքական առումով ևս դժվար է բացատրություն գտնել։ Այս կուսակցությունը ռուսամետ դիրքորոշմամբ է հանդես եկել մշտապես։ Ինչո՞ւ է Մոսկվա պառադի գնացող, ՌԴ-ի հետ կապերն անխախտ պահող, փաստացի ռուսամետ կուրս վարող ՔՊ-ն ձերբակալում գաղափարակից, այսինքն՝ ռուսամետ ուժի անդամներին։

Շրջանառվում է մեկ այլ ենթադրություն, թե ՔՊ-ական իշխանությունները պետք է ինչ-որ կերպ ցույց տան, թե պայքարում են ռուսամետ ուժերի դեմ, որոնք հիբրիդային սպառնալիք են ներկայացնում։ Խաչիկ Գալստյանն ու Արամ Քոչարյանը հիբրիդային սպառնալի՞ք են։

Մեկ այլ ենթադրությամբ էլ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է հանրության ուշադրությունը սևեռում ռուսամետ ուժերի ուղղությամբ, որ երկընտրանք ձևավորի ՔՊ-ի ու վառ ռուսամետ ուժերի միջև։ Այսպիսով՝ թերևս հնարավոր կլինի ռեալ մրցապայքարից դուրս թողնել անկախության և ժողովրդավարության ջատագով ուժերին, 2026-ին ևս ձևավորել զուտ ռուսամետ ուժերով ԱԺ։ Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա կարելի է ասել, որ այս կուսակցության նկատմամբ հալածանքները թելադրված են Մոսկվայից։

Ամեն դեպքում՝ ցավալի է, որ առանց պարզաբանման՝ ձերբակալում են քաղաքական գործիչների։ Նրանց շուտափույթ ազատ արձակում ցանկանալուց զատ՝ քաղաքական համայնքը կարող է նաև դաս քաղել այս հետապնդումներից, շրջանառվող վարկածների համադրության արդյունքում ողջամտորեն եզրակացնել, որ ՔՊ-ական իշխանությունների օրոք ձերբակալություններից, կալանքից, քաղաքական հետապնդումներից խուսափելու միակ ձևը ռուսամետ դիրքորոշումից հրաժարումն է, անկախության ու ժողովրդավարության դրոշ բարձրացնելը։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment