ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն առևտրային սահմանափակումների սպառնալիքն օգտագործել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նորից հայտարարել է ութ պատերազմ դադարեցնելու, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու մասին, որը, ըստ նրա, տևել է 35 տարի։ «Ես ամեն ինչ կարգավորեցի բառացիորեն մեկ օրում։ Առևտուր։ Նրանք առևտուր են անում։ Ես ասացի. «Մենք ձեզ կտրելու ենք առևտրից։ Այլևս ոչ մի առևտուր նրանց երկուսի հետ։ Հետո ես սահմանեցի 200 տոկոսանոց մաքսատուրքեր։ Հաջորդ օրը նրանք զանգահարեցին», – ասել է Թրամփը։
Նա նաև պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մասին՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ «Եվ Պուտինը ինձ ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դուք կարգավորեցիք այս պատերազմը, ես փորձում եմ դա անել 10 տարի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները՝ ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել էին հռչակագիր, որը նախատեսում է TRIPP տրանսպորտային երթուղու ստեղծումը։ Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծը։
