Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին առաջարկել է Կիևին տրամադրել անվտանգության երաշխիքներ 30-50 տարի ժամկետով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է լրագրողների հետ զրույցում:
«Մենք սա քննարկել ենք մեր թիմերի հետ։ Երեկ մենք ԱՄՆ նախագահի հետ հաստատեցինք, որ ԱՄՆ-ից կունենանք անվտանգության ամուր երաշխիքներ։ Իսկապես, սա հավերժ չէ. փաստաթղթերը նախատեսում են այդ անվտանգության երաշխիքների տրամադրման 15 տարվա ժամկետ՝ այն երկարաձգելու հնարավորությամբ», – նշել է Ուկրաինայի առաջնորդը։
Նա նշել է, որ բարձրացրել է ավելի երկարաժամկետ երաշխիքների հարցը։
«Ես նրան ասացի, որ մենք պատերազմի մեջ ենք, և դա շարունակվում է գրեթե 15 տարի։ Հետևաբար, ես շատ կցանկանայի, որ երաշխիքներն ավելի երկար լինեին։ Եվ ես նրան ասացի, որ մենք շատ կցանկանայինք քննարկել 30, 40, 50 տարվա հնարավորությունը։ Եվ այդ դեպքում դա կլինի նախագահ Թրամփի կողմից պատմական որոշում», – հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ «կմտածի այդ մասին»։
Ֆլորիդայում դեկտեմբերի 28-ին կայացած հանդիպման ժամանակ Թրամփը և Զելենսկին քննարկել են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը: Կողմերը նշել են առաջընթացի մասին, սակայն նաև արձանագրել են, որ կան խնդրահարույց հարցեր: Խոսքն, այդ թվում, տարածքային զիջումների մասին է: