Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան դեկտեմբերի լույս 29-ի գիշերը ԱԹՍ-ներով գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի նախագահի` Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա, ինչ արդյունքում Մոսկվան կվերանայի իր բանակցային դիրքորոշումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Սերգեյ Լավրովի հայտարարությունը։
Նշվում է, որ բոլոր 91 անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, և զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Նման անզգույշ գործողությունները անպատասխան չեն մնա. հարվածների թիրախներն ու ժամկետները արդեն որոշված են»,-նշել է նախարարը։
Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի մտադրվում դուրս գալ Վաշինգտոնի հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններից։
«Մենք կցանկանայինք նշել, որ այս գործողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների ընթացքում։ ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիևի ռեժիմը վերջնականապես անցել է պետական ահաբեկչության քաղաքականության»,-շեշտել է Լավրովը։
Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում ևս այս թեմային անդրադարձ է կատարվել․ Պուտինը Թրամփին հայտնել է, որ այդ գրոհն անպատասխան չի մնալու։