Aurora News | Իրանը աջակցում է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել վերջին տարիներին մեր համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը»,– նշել է Հանրապետության նախագահը։

 Դեսպանը նշել է, որ նախագահի խոսքերն ու հարաբերությունների վերաբերյալ ներկայացված դրական մոտեցումը մեծապես ոգևորիչ են և վստահություն են ներշնչում հետագա համագործակցության զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև բազմաշերտ համագործակցության հարցեր, ինչպես նաև փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանը և առկա ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությանը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ։ Նորանշանակ դեսպանը շեշտել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցում։

Leave a Comment