Էրդողանը տարածաշրջանի ապակայունացման մեջ մեղադրել է Իսրայելին և կոչ արել աջակցել Սոմալիին

Բաժանորդագրվել

Իսրայելն աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել է Սոմալիլենդը: Սոմալիի իշխանությունները կտրականապես դատապարտել են Իսրայելի կողմից ինքնիշխանության դեմ ոտնձգությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանի ապակայունացման մեջ մեղադրել է Իսրայելին և հայտարարել Սոմալիի տարածքային ամբողջականությանը աջակցելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Իսրայելը դեկտեմբերի 26-ին պաշտոնապես ճանաչել է Աֆրիկյան եղջյուր թերակղզու հյուսիսում գտնվող Սոմալիլենդի ինքնահռչակ հանրապետությունը. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ինքնահռչակ հանրապետության նախագահ Աբդիրահման Մոհամեդ Աբդուլահին ստորագրել են ճանաչման մասին համատեղ փոխադարձ հռչակագիր:

Էրդողանը Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալիդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իսրայելը «ակտիվացնում է տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված իր ջանքերը», ինչի օրինակն է Սոմալիլենդի ճանաչումը։

Ըստ հաղորդագրության` Թուրքիայի նախագահը հավելել է, որ «անհրաժեշտ է աջակցել Սոմալիի տարածքային ամբողջականությանը»:

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Քուվեյթի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

«Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աշխատում է Թուրքիայի և Քուվեյթի միջև բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, և որ համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի: Նա հույս է հայտնել, որ մշտական հրադադարի և խաղաղության հաստատմամբ կսկսվի Գազայի վերականգնումը, և ընդգծել է այդ ուղղությամբ Թուրքիայի և Քուվեյթի միջև համագործակցության կարևորությունը», – ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:

Իսրայելը աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել է Սոմալիլենդը: Սոմալիի իշխանությունները կտրականապես դատապարտել են «Իսրայելի կողմից ինքնիշխանության դեմ ոտնձգությունը»։ Սոմալիին աջակցություն են հայտնել Աֆրիկյան և արաբական երկրների մեծ մասը, ինչպես նաև արաբական պետությունների լիգան և Աֆրիկյան միությունը:

Leave a Comment