4 հուզիչ լեգենդ տոնածառի ծագման մասին (ՖՈՏՈ)

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Ներկայացնում ենք տարբեր երկրների հուզիչ լեգենդներ, որոնք կջերմացնեն ձմեռային երեկոները. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․      Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Ներկայացնում ենք տարբեր երկրների հուզիչ լեգենդներ, որոնք կջերմացնեն ձմեռային երեկոները։


Մանկան փրկությունը՝  որպես Կենաց ծառի հայտնություն


Լեգենդներից մեկն անգլիացի վանական Ս. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:


Երկնքի աստղերը՝ եղևնին աստղափայլի վերածելու գաղափարի ծնունդ


Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Ս. Ծննդյան տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոք փայլփլում էին մշտադալար ծառերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում:


Լեգենդ աղքատ անտառապահի մասին


Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Ս. Ծննդյան տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:


Լեգենդ  սարդոստայնով պատված տոնածառի մասին


Կա լեգենդ մի աղքատ կնոջ մասին, ով ոչինչ չուներ` զարդարելու իր երեխաների տոնածառը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան արթնանալով` նա տեսնում է, որ ծագող արևն արծաթի է վերածել իրենց տոնածառի` սարդոստայնով պատված ճյուղերը:  


Մեքսիկա. Ինչպես մոլախոտերը վերածվեցին աստղերի 


звезда елки  


Ս. Ծննդյան ծաղիկը` վառ կարմիր աստղ հիշեցնող փուանսեթիան, Միացյալ Նահանգներ բերեց Մեքսիկայում ԱՄՆ-ի առաջին դեսպան դոկտոր Ջոել Փուանսեթը, ում անունով էլ կոչվեց ծաղիկը: Այն հայտնի է նաև որպես «Բոցատերև» կամ «Սուրբ Գիշերվա ծաղիկ»: Մեքսիկական լեգենդը պատմում է, որ մի աղքատ գյուղական ընտանիքում էին քույր և եղբայր` Մարիան և Պաբլոն: Ս. Ծննդյան տոնին կազմակերպվող միջոցառումները գրավում էին երեխաներին: Գյուղում պատրաստվում էր մսուր, և երեխաները գնալու էին Մանուկ Հիսուսի մոտ` նվերներ մատուցելու:


Մինչ մյուս երեխաները քննարկում էին, թե ինչը կլիներ լավագույն նվերը Մանուկ Հիսուսին և ինչ գնել, Մարիան և Պաբլոն ոչ դրամ ունեին` նվեր գնելու և ոչ էլ նվիրելու որևէ բան: Սակայն նրանք էլ էին ցանկանում գնալ և տեսնել Մանկանը և ինչ-որ բան նվիրել: Ս. Ծննդյան տոնի նախօրեին նրանք մյուսներից ավելի շուտ գնացին եկեղեցի: Քանի որ տալու ոչինչ չունեին, նրանք մտածեցին պոկել գետափին աճած մոլախոտերը և դրանցից Մանուկ Հիսուսի համար փափուկ մահիճ պատրաստել ու զարդարել Նրա մսուրը: Մինչ նրանք զարդարում էին մսուրը, մյուս երեխաները եկան և սկսեցին ծաղրել նրանց:


елка Христа


Մարիան և Պաբլոն ամոթահար և անօգնական էին, երբ տեղի ունեցավ հրաշք… Հանկարծ մոլախոտերը վերածվեցին աստղերի նմանվող այնպիսի գեղեցիկ, վառ կարմիր ծաղկաթերթերի, որ բոլորը հիացան դրանց գեղեցկությամբ: Բոլորը հասկացան, որ սիրով պատրաստված նվերն ավելի սիրելի է Քրիստոսին, քան ամենաթանկարժեք նվերը, որ կարելի է գնել: Դրանից հետո կարմիր աստղը դարձավ տոնածառի ամենասիրված զարդերից մեկը:


 

Leave a Comment