Բաքուն արտերկրում բնակվող իշխանությունների քննադատ յոթ բլոգերների հեռակա կարգով 9-ից 14 տարվա ազատազրկման է դատապարտել

Քաղաքականություն

29.12.2025 | 20:21

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը արտասահմանում բնակվող յոթ ադրբեջանցի բլոգերների դատապարտել է  երկարատև ժամկետներով ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով նրանց անկարգություններ, խռովություն հրահրելու և այլ հանցագործություններ կատարելու մեջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավճռի համաձայն՝ Azerfredoom YouTube ալիքի ղեկավար Գուրբան Մամեդովը և AzadSoz YouTube ալիքի ղեկավար Թուրալ Սադիգլին դատապարտվել են 14-ական տարվա ազատազրկման, իսկ բլոգերներ Էլշադ Մամեդովը, Սուլեյման Սուլեյմանլին, Օրխան Աղաևը, Ռաֆայել Փիրիևը և Օրդուխան Թեյմուրխանը՝ 9-ական տարվա ազատազրկման։ Նրանք Ադրբեջանի  իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի ակտիվ քննադատներից են։

Նշվում է, որ բլոգերները մեղադրվում են խարդախության, ահաբեկչության հրահրման, կառավարության պաշտոնյային չենթարկվելու, զինված ապստամբության և պաշտոնական փաստաթղթերի կեղծման մեջ։

Գուրբան Մամեդովը, մի խումբ այլ քաղաքական էմիգրատների հետ միասին, մեղադրվել է զանգվածային անկարգություններ հրահրելու և պետության դեմ գործողություններ ձեռնարկելու բացահայտ կոչ անելու մեջ: Նա ձերբակալվել է հեռակա կարգով և ընդգրկվել Ինտերպոլի հետախուզվողների ցուցակում, 2020 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարել էր Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը։

2019-ի մայիսին էլ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել  բլոգեր և ակտիվիստ Թուրալ Սադիգլիի դեմ: Նա հետախուզվում է Ինտերպոլի կողմից: Սադիգլին քրեական հետապնդումը որակել է սադրանք։

Դեկտեմբերի 23-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը լրագրող Գանիմատ Զահիդին հեռակա դատապարտել էր յոթ տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով նրան պետության դեմ կոչերի համար։

Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունն այս տարի քրեական գործեր է հարուցել արտասահմանում գտնվող 24 քննադատների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment