Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարով-խմբ․)։
Քրհետապնդում է հարուցվել նաև 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարով-խմբ․)։
ՔԿ-ից հայտնել են, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդը, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իր ծառայողական ազդեցությունն օգտագործելով, թեմի հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին (կուսակցության անունը չի նշվում-խմբ.)։
Ըստ ՔԿ-ի՝ Պռոշյանը թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, այդ թվում՝ «WhatsApp-ում ստեղծված խմբի միջոցով, շանտաժով հարկադրել է հոգևորականներին եկեղեցական զգեստով մասնակցել հավաքներին՝ պահանջելով մասնակցությունը հաստատող լուսանկարներ»։ Ա.Ա.-ի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը): Նշվում է, որ դիվանապետի նկատմամբ տնային կալանք է կիրառված։
Նշենք, որ ՔԿ-ն եպիսկոպոսին ներկայացրել է ավազանի անունով՝ Հ․Պ (Հայկ Պռոշյան)։
Հոկտեմբերի 15-ի լուսադեմին ուժայինները խուզարկություններ էին անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի առաջնորդի, թեմի քահանաների և աշխատակիցների բնակարաններում։ Դրա առիթ էին դարձել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Արամ քահանա Ասատրյանի կողմից տարածված տեղեկությունները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր երեք անձի, այդ թվում՝ եպիսկոպոսի ձերբակալության մասին։ Այնուհետ թեմի առաջնորդին կալանավորել էին։
