«Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի ավելի քան 100 երեխաների համար այս տարի գաղտնի Ձմեռ պապի դերը ստանձնել էին Իդրամ ընկերության աշխատակիցները։ Նրանք նվերներով այցելել է կենտրոնի գրասենյակ, հանդիպել երեխաների հետ ու վայելել տոնի ողջ հեքիաթը՝ երեխաների երգ ու պարի, գեղեցիկ ելույթների ներքո։ Երեխաներն էլ իրենց հերթին էին նվերներ պատրաստել հյուրերի համար՝ տոնածառի կավե խաղալիքներ, որոնք անպայման կհիշեցնեն լուսավոր օրվա մասին։
«Օրրան» հաճախող երեխաների համար ոչ միայն նվերներն են կարևոր, այլև այն ուշադրությունն ու ջերմությունը, որ ստացան օրվա միջոցառումից, նշում է «Օրրան» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը․ «Երեխաները կարիքավոր ընտանիքներից են և անգամ փոքրիկ նյութական նվերը նրանց մեծ ուրախություն է պատճառում։ Բայց նաև պետք է ասեմ, որ երեխաները շատ ուրախանում են, երբ հյուրեր են ընդունում, զգում իրենց հանդեպ ուշադրությունն ու սերը։ Շատ ենք կարևորում այսպիսի այցերը, որովհետև մեր հյուրերը օրինակելի մարդիկ են և մենք ուզում ենք, որ մեր երեխաներն էլ սովորեն ու երբ մեծանան, իրենք էլ իրենց վրա բարեգործություն անելու պատասխանատվություն վերցնեն»,- եզրափակել է Արմինե Հովհաննիսյանը։