Ամանորյա շուկաները՝ աշխուժացած․ ինչպե՞ս են փոխվել գները․ հարցում – Armenia Today

Տոնական առևտուրն օրեցօր ավելի է աշխուժանում, վաճառողները պատրաստվում են առաջիկա օրերի մեծ պահանջարկին։ Այս օրերին շուկաներում նկատվող գնային շարժը համընկնում է սպառողական գների պաշտոնական դինամիկայի հետ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում պարենային ապրանքներն ունեն սպառողական զամբյուղի ամենամեծ կշիռներից մեկը՝ շուրջ 45-47%, ինչի պատճառով այս խմբի գնային փոփոխություններն էական ազդեցություն են ունենում ընդհանուր գնաճի վրա։ 2025 թվականին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների տարեկան աճը տարբեր ամիսներին կազմել է մոտ 5-7%, իսկ առանձին ենթախմբերում արձանագրվել են ավելի բարձր տատանումներ։

Մասնավորապես, ինչպես վկայում է վիճակագրությունը, մսի և մսամթերքի, ինչպես նաև ձկան և ծովամթերքի գները տարվա ընթացքում արձանագրել են զգալի աճ: Մրգերի և բանջարեղենի գները բնութագրվում են արտահայտված սեզոնայնությամբ՝ տարվա վերջին ամիսներին արձանագրելով գնային բարձրացումներ։ Այս միտումները պայմանավորված են ինչպես սեզոնային պահանջարկի աճով, այնպես էլ ներմուծումից կախվածությամբ և եղանակային գործոններով։

Armenia Today-ը շրջել է մայրաքաղաքի շուկաներով և զրուցել վաճառողների հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ շարժ կա այս օրերին, ո՞ր ապրանքներն են առավել պահանջված և ի՞նչ սպասումներ ունեն ամանորյա վաճառքներից։

Նրանց խոսքով՝ այս տարի ընդեղենի գները նախորդ տարիների համեմատ հիմնականում պահպանվել են, թանկացել է միայն պնդուկը՝ շուրջ 500-600 դրամով։

Չրերի տեսականին համալրվել է նաև դրսից ներմուծված էկզոտիկ մրգերից պատրաստվածներով, որոնք փոքր-ինչ ավելի մատչելի են տեղականից։ Սակայն, ըստ վաճառողների, դրանց պահանջարկը մեծ չէ, քանի որ ավելի շատ շաքար են պարունակում։

Չնայած նրան, որ տարեսկզբին մսամթերքն զգալիորեն թանկացել էր, մսավաճառները պնդում են, որ այն էական գնային փոփոխությունների չի ենթարկվել։ Խոզի բուդը շուկաներում վաճառվում է 3000-3300 դրամով։ Վաճառողները նշում են, որ քաղաքացիները միսը փորձում են գնել ավելի շուտ՝ հաշվի առնելով, որ վերջին օրերին հնարավոր է թանկացում։

Առևտրականները նշել են, որ այս տարի թանկացել է նաև ձկնամթերքը, մասնավորապես՝ իշխանը, կարպը և սազանը՝ մոտ 500-600 դրամով, իսկ ստերլեցը գրեթե կրկնակի՝ 2500 դրամից հասնելով 5000 դրամի։

Պանիրների տեսականին ևս չի խուսափել թանկացումներից։ Վաճառողների գնահատմամբ՝ դա պայմանավորված է մի շարք խնդիրներով՝ կենդանիների և արոտավայրերի պակասով, ինչպես նաև կթվորների թվի նվազումով։

Գնային փոփոխությունների չէ ենթարկվել թթուների տեսականին։ Քաղաքացիները հիմնականում դրանք գնում են Ամանորից 1-2 օր առաջ։

Ձմռան այս օրերին շուկաներում կանաչեղենը դեռևս համեմատաբար մատչելի է, սակայն առևտրականները նշում են, որ դեկտեմբերի վերջին այն սովորաբար շեշտակի թանկանում է՝ եղանակային պայմանների պատճառով։ Սառնամանիքը և բաց դաշտում արտադրության սահմանափակումը նվազեցնում են առաջարկը, ինչն անմիջապես արտացոլվում է գների վրա։ Մրգի վաճառողները ևս արձանագրում են, որ տոնական օրերին դրանց արժեքը բարձրանում է։ Ըստ նրանց՝ այդ շրջանում գների ձևավորման մեջ որոշիչ դեր ունի գյուղացին՝ ինքն է սահմանում բերքի իրացման գինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment