Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարերը քննարկել են ադրբեջանական նավթամթերքի արտահանման սակագները շարունակելու կարևորությունը

Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մակա Բոչորիշվիլին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Վրաստանի միջոցով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել են այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարևորությունը, տեղեկանում ենք «Պիռվելի առխի»-ից։

Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը այս հարցի ժամանակին լուծման համար։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։ 

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները։ Ընդգծվել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ինտենսիվ այցելությունները նպաստել են երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը, նշել է լրատվականը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Փաշինյանը հայտնել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։

Ran Oil-ը դեկտեմբերի 23-ին սկսել էր ադրբեջանական բենզինի վաճառքը: «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն կառավարում է Ran Oil ավտալցակայանների ցանցը, այն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալ»-ի կազմում է։ «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը փոխանցել էր, որ ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով՝ նախապես հայտարարված 440-ից ավելի էժան:

 

Leave a Comment