ՀՀ Կենտրոնական բանկում կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) 2-րդ փուլի մշակման և իրագործման հանձնաժողովի ավարտական նիստը։ Նիստի ընթացքում AMPERA-ի գործընկեր և ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը ներկայացրել է ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման 3-րդ ազգային հետազոտության արդյունքները (#բարոմետր 2025)։
Հետազոտության առանցքային ցուցանիշներից մեկի համաձայն՝ Հայաստանի չափահաս բնակչության ընդամենը 28%-ն է կարողանում հաշվարկել պարզ տոկոսը։ Արձանագրվել է, որ վերջին 10 տարիներին այս կարևոր ֆինանսական գիտելիքի մակարդակը ոչ միայն չի բարելավվել, այլև արձանագրվել է վատթարացում։
Ներկայացվել են նաև OECD-ի կողմից 2023 թվականին իրականացված հետազոտության արդյունքները, որոնք ընդգրկում են աշխարհի 40 երկրների տվյալները և ցույց են տալիս, որ Հայաստանի ցուցանիշը համեմատաբար ցածր է։
Նշվել է, որ վերջին տարիներին ՀՀ-ում ֆինանսական կարողությունների ընդհանուր մակարդակի աճը հիմնականում պայմանավորված է ֆինանսական ծառայությունների օգտագործման ծավալների մեծացմամբ, մինչդեռ ֆինանսական գիտելիքների զարգացումը հետ է մնում։ Մասնագետների գնահատմամբ՝ առաջիկա ֆինանսական կրթման ծրագրերը պետք է կենտրոնանան գիտելիքների խորացման վրա, իսկ կրթական համակարգում անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել մաթեմատիկայի դասավանդման որակին։