Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը տոնական օրերին կիրականացնեն ուժեղացված ծառայություն

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը տոնական օրերին կիրականացնեն ուժեղացված ծառայություն

29 դեկտեմբերի 2025 – 15:18 AMT

PanARMENIAN.Net – Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 29-ին մասնակցել է ոստիկանության և Փրկարար ծառայության ստուգատեսին։ Ծառայությունների ղեկավարները նախարարին ներկայացրել են տոնական օրերին սպասվող օպերատիվ զարգացումները, ինչպես նաև ուժեղացված ծառայության շրջանակում ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածության աստիճանը։

Նախարարին ցուցադրվել է նաև օգտագործվող հատուկ տեխնիկայի ու սարքավորումների համալրվածությունը։

Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը առևտրի կենտրոնների հարակից տարածքներում, ճանապարհներին, հասարակական վայրերում և մարդաշատ հատվածներում՝ նպատակ ունենալով առավելագույնս ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

Բարձր գնահատելով փրկարարների և ոստիկանների շուրջօրյա հերթապահությունը հանրապետության ավտոճանապարհներին՝ նախարարը կոչ է արել շարունակել արձագանքել եղանակային պայմաններով պայմանավորված դժվարություններին, օպերատիվ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին և անմիջապես արձագանքել ստացվող ահազանգերին։

Սարգսյանը շեշտել է, որ տոնական օրերին հանրային անվտանգությունը պահանջում է առավել համակարգված մոտեցում և ընդգծել է կանխարգելման աշխատանքների կարևորությունը՝ հորդորելով ծառայողներին կենտրոնանալ հնարավոր միջադեպերի և վտանգների չեզոքացման վրա։

Նա ոստիկանությանը հանձնարարել է շարունակել խստացված վարչական միջոցառումները՝ մասնավորապես ոչ սթափ վարորդների և ձմեռային անվադողեր չօգտագործող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ։

Սարգսյանը բարեմաղթանք է հղել ոստիկաններին և փրկարարներին՝ ցանկանալով հաջող և անպատահար ծառայություն։

Ստուգատեսից անմիջապես հետո համապատասխան ստորաբաժանումները անցել են ուժեղացված հերթապահության։

Leave a Comment