AICA-ն ներդրում է կատարել BeeSync ստարտափում

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) ներդրում է կատարել BeeSync ստարտափում, որը մշակել է արհեստական բանականությամբ աշխատող «խելացի փեթակների» համակարգ։ Լուծումը նախատեսված է մեղվապահների, գյուղատնտեսների և փոշոտման ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար՝ նպատակ ունենալով իրական ժամանակում վերահսկել փեթակների վիճակը, կանխատեսել ռիսկերը և կանխել մեղվաընտանիքների կորուստները։

Միջազգային տվյալների համաձայն՝ փոշոտումը ապահովում է համաշխարհային սննդարտադրության մոտ 75 տոկոսը, սակայն վերջին տարիներին մեղվապահները բախվում են լուրջ խնդիրների․ տարեկան մեղվաընտանիքների կորուստները հասնում են 40-55 տոկոսի՝ հիվանդությունների, շրջակա միջավայրի ճնշումների և սթրեսի հետևանքով։ Շատ դեպքերում խնդիրները բացահայտվում են ուշ, իսկ ձեռքով իրականացվող ստուգումների արդյունքում փոշոտման սեզոններին մինչև 20 տոկոս փեթակներ հասնում են դատարկ կամ ոչ կենսունակ վիճակում, ինչը բերում է ֆինանսական կորստի։

BeeSync-ի մշակած ապարատային և ծրագրային հարթակը թույլ է տալիս անցում կատարել ռեակտիվ մոտեցումից դեպի կանխատեսելի կառավարում՝ ապահովելով փեթակների առողջության մասին տվյալներ իրական ժամանակում։ Սա հնարավորություն է տալիս ժամանակին արձագանքել խնդիրներին, պահպանել փոշոտողներին և նվազեցնել բերքի կորստի ռիսկերը։

AICA-ն ընդգծել է, որ ներդրումը նպատակ ունի աջակցելու BeeSync-ի տեխնոլոգիական զարգացմանն ու մասշտաբայնացմանը՝ Հայաստանից դեպի միջազգային շուկաներ։ Ընկերության գործունեությունը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության կայունության ու սննդային համակարգերի դիմակայունության տեսանկյունից։

Leave a Comment