29 դեկտեմբերի 2025 – 13:59 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և բանակցությունների ավարտին կոչ արել արագացնել խաղաղ կարգավորման գործընթացը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը նշել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դրան նախորդած հեռախոսազրույցը՝ գերազանց։
Նա հայտարարել է, որ կողմերն առաջընթաց են գրանցել հակամարտության կարգավորման հարցում՝ հավելելով, որ Կիևի հետ հաջողվել է հասնել փոխըմբռնման խնդիրների 95 տոկոսի շուրջ։
Թրամփն ասել է նաև, որ շփման գծի շուրջ հարցերը դեռևս համաձայնեցված չեն, բայց այստեղ ևս կա առաջընթաց՝ հավելելով, որ Ուկրաինան կարող է կորցնել ավելի շատ տարածքներ, ուստի պետք է շտապի խաղաղ համաձայնագրի կնքման հարցում։
«Այդ տարածքների մի մասը արդեն վերցվել է։ Մի մասը, հնարավոր է, դեռ հասանելի է, բայց առաջիկա մի քանի ամսվա ընթացքում կարող է վերցվել»,–ասել է Թրամփը։
Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերի 29–ին սպասվում է նոր խոսակցություն Զելենսկու հետ:
Սպիտակ տան ղեկավարը, Պուտինի հետ զրույցին անդրադառնալով, ընդգծել է, որ հավատում է Ռուսաստանի նախագահի՝ հակամարտությունն ավարտելու ձգտմանը:
«Ես հասկանում եմ նախագահ Պուտինին այդ տեսանկյունից, դուք պետք է հասկանաք մյուս կողմին։ Եվ գիտեք, ես խաղաղության կողմն եմ»,–ասել է նա։
Նա նշել է, որ քննարկվել են Ուկրաինայի վերականգնման հարցեր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հնարավոր է հանրաքվե խաղաղ պլանի որոշ կետերի վերաբերյալ։
Նա նշել է նաև, որ ԱՄՆ–Ուկրաինա անվտանգության երաշխիքները համաձայնեցված են 100 տոկոսով, առաջիկայում բանակցողների նոր հանդիպումներ կկայանան խաղաղ կարգավորման վերջնական հարցերի շուրջ, Կիևի աշխատանքային խմբում կլինեն ԱԽ քարտուղար Ռուստեմ Ումերովը, ԱԳ փոխնախարար Սերգեյ Կիսլիցան և ԶՈւ ԳՇ պետ Անդրեյ Գնատովը:
Դեկտեմբերի սկզբին Մոսկվայի Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆֆին և Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին: Կողմերը քննարկել են խաղաղ նախաձեռնության բովանդակությունը, սակայն համակողմանի լուծում չեն գտել: Թրամփը ավելի ուշ նշել է, որ Վաշինգտոնը բաժանել է սկզբնական 27 կետերը չորս փաթեթների և առաջարկել է դրանք առանձին քննարկել:
Մի քանի օր անց Բեռլինում կայացել է ԱՄՆ–Ուկրաինա պատվիրակությունների հանդիպումը. հաղորդվել է, որ դրա արդյունքում արևմտյան երկրները համաձայնել են ապահովել անվտանգության երաշխիքներ, իսկ ԱՄՆ–ն պահանջել է տարածքային զիջումներ Կիևից, ըստ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարության: