2025 թվականը հայկական ստարտափ էկոհամակարգում աչքի է ընկել ներդրումների ուղղությունների հստակեցմամբ, ներդրողների կրկնվող ընտրություններով և մի շարք ստարտափների՝ միջազգային շուկաներում դիրքավորվելու փորձով։ Թեև ոչ բոլոր գործարքներում են հրապարակվել ներդրումների ծավալները, հասանելի տվյալները թույլ են տալիս ընդհանուր հայացք նետել տարվա ներդրումային պատկերին։
AI-ը՝ գլխավոր ուղղություն
2025-ին ներդրումները հայկական ստարտափներում հիմնականում կենտրոնացել են արհեստական բանականության շուրջ։ Տարբեր ոլորտներում գործող AI ստարտափներ ստացել են թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների ուշադրությունը։
Ներդրում ստացած AI ստարտափների թվում են՝ SuperAnnotate, Prodmap AI, Denovo Sciences և TACTUN։ Իսկ այս տարի հիմնված հայկական Areg.ai ստարտափը մեկ տարվա ընթացքում 6 միլիոն դոլարի ներդրում ունի։ Այդ մասին հայտնել է ստարտափի համահիմնադիր ու Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը՝ անուն, որն արդեն հայտնի է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգում։ Areg.ai նպատակ ունի ռոբոտների և արհեստական բանականության միջոցով մեծ արևային կայաններն ավտոնոմ դարձնել։ Ստարտափի կայքում նշված են իրենց գաղափարին հավատացողների անունները՝ Formula VC, Granatus Ventures, Bigstory VC, Triple S Ventures:
Թվերը միշտ չէ, որ հրապարակվել են, սակայն ներդրողների ընտրությունը ցույց է տալիս շուկայի հստակ առաջնահերթությունը՝ AI-ն դիտարկվում է որպես երկարաժամկետ աճի հիմնական ուղղություն։
Երբ մեկ ստարտափին հավատում են մի քանի ներդրողներ
2025-ին աչքի ընկնող օրինակ է Prodmap AI-ը, որը կարողացել է ներգրավել մի քանի տարբեր ներդրողների աջակցությունը։
Prodmap.ai-ը AI հարթակ է, որը ավտոմատացնում է արտադրանքի ստեղծման ամբողջ գործընթացը՝ գաղափարից մինչև շուկա։
Տարվա ընթացքում ստարտափում ներդրում են կատարել՝
- Plug and Play գլոբալ ինովացիոն հարթակը՝ Հայաստանում իր առաջին աքսելերացիոն ծրագրի շրջանակում,
- Formula VC II ֆոնդը՝ $200,000 չափով,
- BANA Angels ներդրումային ցանցը։
Հայկական արմատներ, գլոբալ շուկա
2025-ին մի շարք ստարտափներ աչքի են ընկել գլոբալ շուկաներին ուղղված գործունեությամբ՝ ունենալով հայ հիմնադիրներ։
- Near Space Labs — Ամերիկյան space-tech ստարտափ, որի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենը հայազգի Ռեմա Մաթևոսյանն է։ Ընկերությունը ներգրավել է $20 մլն ներդրում՝ ստրատոսֆերայում բարձր ճշգրտությամբ տվյալներ հավաքող Swift սարքերի զարգացման համար։
- SimCare AI — առողջապահական AI ստարտափ, որի հիմնադիրն է Տիգրան Բդոյանը։ 2025-ին ստարտափում ներդրում են կատարել Triple S Ventures-ը և STAN Angels-ը։
- Quiltt — open banking ոլորտում գործող fintech ստարտափ, հիմնադիր՝ Ռուբեն Իզմայիլյան։ Ընկերությունը ներդրում է ստացել Granatus Ventures-ից՝ $2.6 մլն նախնական ֆինանսավորման փուլից հետո։
- Synthflow AI — no-code ձայնային AI հարթակ, հիմնադիրներ՝ Հակոբ և Ալբերտ Աստաբացյաններ։ 2025-ին ընկերությունը ներգրավել է $20 մլն Series A ներդրում։
Ու՞մ են հավատացել հրեշտակ ներդրողները
2025-ին հայկական հրեշտակ ներդրողները կատարել են ներդրումներ մի շարք հայկական ստարտափներում ու ընկերություններում։
BANA Angels-ը ներդրում է կատարել Prodmap AI և CaseLens ստարտափներում,
STAN Angels-ը՝ SimCare AI և TACTUN ընկերություններում, իսկ AICA Angels-ը ներդրում է արել Kartes Analytica-ում՝ տվյալների և վերլուծության ուղղությամբ աշխատող ընկերությունում, որի հիմնադիրներն են Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Արմանդ Նարեկ Երջանյանը։
Ներդրումներ՝ սկսած 10 հազար դրամից․ Eqwefy հարթակը
2025-ին ներդրումային դաշտում ակտիվ է եղել նաև Eqwefy հայկական հարթակը, որը նպատակ ունի ստարտափների ֆինանսավորումը դարձնել ավելի հասանելի և համակարգված։ Թեև հարթակը թույլ է տալիս ներդրում անել սկսած 10 հազար դրամից, այն միևնույն ժամանակ բաց է նաև ավելի խոշոր ներդրումների համար։
2025-ին Eqwefy-ի միջոցով ներդրումներ են ստացել TACTUN, rBlox և Exorde.io ստարտափները։ Վերջերս հայտարարվել է, որ CaseLens-ը նույնպես ցուցակվել է հարթակում և ներկայումս գտնվում է ներդրումների ներգրավման փուլում։
Այս տարի հրապարակված ներդրումները շատ քիչ էին՝ համեմատած նախորդ տարվա հետ, ու հիմնականում վաղ փուլերի ներդրումներ էին, մինչդեռ մեր առավել կայացած ստարտափների կողմից որևէ լուր չեղավ գրեթե, բացառությամբ SuperAnnotate-ի։