Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ասուլիսին ամփոփել է կատարված աշխատանքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Ասուլիսի կարևոր մտքերն ABC Media-ն առանձնացրել է կետերով.
- Երևանի քաղաքապետարանը, տարբեր տարածքներ վարձակալության տալով, 2025 թվականին հավաքագրել է մոտավորապես 1,1 միլիարդ դրամ, որից մոտավորապես 500 միլիարդ դրամը՝ այգիներից:
- Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն, որ վարձակալներն այգիները չեն կարող պահել «վետերոկի» մակարդակով:
- Կոնսերվատորայի այգու համար 4 անգամ վարձակալը տարատեսակ նախագծեր է ներկայացրել, որոնք մերժվել են մեր ու ԿԳՄՍՆ-ի կողմից, որովհետև մեծ ծավալի կառուցապատում էր պլանավորվում իրականացնել: Մենք դատական կարգով վիճարկել ենք այդ պայմանագիրը և հաղթել:
- Բոլոր այն հատվածներում, որտեղ գոյանում են աղբի կուտակումներ, մենք փորձում ենք մաքսիմալ արագ արձագանքել: Ունենք մի փոքրիկ խնդիր, որը կապված է կենցաղային աղբի հետ, որովհետև շատ տարբեր հատվածներում կենցաղային հատվածներում աղբը կուտակվում է, և մենք ունենք մի ընկերություն, որի կարողությունը թույլ չի տալիս այդ աշխատանքներն իրականացնել ամբողջ ծավալով:
- Քաղաքի սեփական եկամուտները 2018 թվականից աճել են 4 անգամ, իսկ վերջին 3 տարիներին՝ 3 անգամ: Հիմնական բաղկացուցիչները մի քանիսն են. առաջին հերթին՝ իրականացվող վարչարարությունը, մասնավորապես՝ շատ ու շատ տնտեսվարողների ստվերից դուրս բերումը, և մենք այսպիսի գործընթաց ունենք ոչ միայն Երևանի քաղաքապետարանի եկամուտների մասով, այլ նաև բոլոր հիմնարկների:
- Շատ մեծ ծավալի տուրքեր են գանձվում շինարարության ոլորտից, նախորդ տարի դրանք մոտավորապես եղել են 24 միլիարդ դրամի չափով, այս տարի՝ 18 միլիարդ դրամից մի փոքր ավելին: Այս տուրքերի ներմուծումն էականաորեն զսպել է կառուցապատողների ախորժակը:
- Նուբարաշենի աղբավայրի վերջին հրդեհից հետո մենք խզել ենք այն տնտեսվարողի հետ ունեցած պայմանագիրը, որն իրականացնում էր աղբավայրի կառավարումը: Հիմա կառավարումն ամբողջությամբ քաղաքապետարանի ձեռքում է: Բոլոր մտնող և դուրս եկող ավտոմեքենաների համար սահմանվել է հստակ վճար, ամբողջ աղբավայրով տեղադրվել են տեսախցիկներ: Մի քանի ամիս առաջվա վիճակի համեմատ՝ այսօր Նուբարաշենի աղբավայրը հեղափոխական մասշտաբների փոփոխությունների է ենթարկվել:
- Օդի որակի հետ կապված քննարկման շրջանակը վստահորեն ավելի լայն պիտի լինի, քան միայն քաղաքապետարանը. դեռևս այդ «աստվածային» կարողությունը չունենք, և որևէ մեկս բնակլիմայական պայմանները կառավարելու ունակություն չունենք:
- Մենք պետք է դիտարկենք մարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումներ, որովհետև և՛ Երևան քաղաքում, և՛ ՀՀ-ում մարդատար ավտոմեքենաների քանակը տարեցտարի ավելանում է:
- Ինչ ուզում ես դիր բոլոր խաչմերուկներում, չես կարող կառավարել խցանումները, եթե դու չունենաս որոշակի սահմանափակումներ:
- Իշխանությունը բարձրաձայնում է Եկեղեցու բարենորոգման խնդրի մասին, հստակ դիրքորոշում է հայտնում: Ես կարծում եմ՝ ժողովրդին հարցնենք, իրենք վստահորեն կասեն, որ Եկեղեցին ունի բարենորոգման կարիք:
- Երևան քաղաքում էս ծավալի աշխատանք ինքնակամ շինությունների դեմ պայքարի տեսանկյունից վերջին մի քանի տասնամյակում չէր իրականացվել:
- Ինչ վերաբերում է ANIF-ին (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ), ապա այո՛, կարող ենք ձախողում արձանագրել, և ինչ-որ մի փուլում մենք պետք է այդ ձախողման պատճառներին անդրադառնանք. հնարավոր է՝ պարզվի, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն շատ մեծ մեղավորություն ձախողման մեջ: Հուսով եմ՝ այդ օրը կգա։