Չինաստանը Թայվանի շուրջ լայնածավալ զորավարժություններ է սկսել՝ մշակելով կղզու առանցքային շրջանների արգելափակման և գրավման սցենարները։ Զորավարժությունները դիտարկվում են որպես նախազգուշացում «անջատողական ուժերին», հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով չինական ռազմական հրամանատարությանը:
Justice Mission 2025 անվանումով զորավարժություններն անցկացվում են Չինաստանի ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի և հրթիռային ուժերի մասնակցությամբ, ներառում են մարտական հրաձգություններ: Հիմնական փուլը նախատեսված է տեղական ժամանակով 08:00-ից 18:00-ն:
Ի պատասխան՝ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է կղզու մոտակայքում չինական ինքնաթիռների և նավերի հայտնաբերման մասին և իր ուժերը բերել մարտական բարձր պատրաստվածության վիճակի: Նախագահ Լայ Ցինդեի վարչակազմը Պեկինի գործողությունները մարտահրավեր է անվանել միջազգային նորմերին։
Պեկինը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը և պնդում է «խաղաղ վերամիավորման» մասին՝ չբացառելով ուժի կիրառումը: Թայվանի նեղուցում լարվածությունն ուժեղացել է Թայվանին մոտ 11 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու մասին ԱՄՆ-ի որոշումից հետո, ինչն առաջացրել է Չինաստանի իշխանությունների կտրուկ արձագանքը:
