29 դեկտեմբերի 2025 – 13:07 AMT
PanARMENIAN.Net – Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե դիտարկենք պատարագի ընթացքում «բողոքի» ակցիա անցկացնելու, ընթացքը խաթարելու կամ եկեղեցում աղմկելու կոչերը քրիստոնեական վարդապետության տեսանկյունից, ապա դրանք հակասում են Աստվածաշնչյան մի քանի հիմնարար պատգամների և սկզբունքների։
«Կաթողիկոսի անունը հիշատակելը պատարագի կանոնական մասն է, և այնտեղ խռովություն սերմանելը հարված է եկեղեցական միասնությանը։ Կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ հիշատակվում է երեք անգամ, այդ թվում որպես աղոթք: Աղոթքի դեմ կարող է լինել միայն սատանան: Այսինքն, աղոթքին խանգարելը Աստծո հակառակորդի` սատանայի գործն է»,- գրել է նա՝ շեշտելով, որ աղմուկը, բղավոցն ու խաթարումները խաթարում են նաև եկեղեցու հոգևոր խորհուրդը և սրբապղծություն են։
«Պատարագի խորհուրդին աղմկելը, վանկարկելը, բղավելը, «բողոքի» ակցիա անցկացնելը սրբապղծություն է, Աստծո հանդեպ անպատկառություն, անարգանք, որն անհետևանք չի կարող անցնել խռովարարի համար: Նա ընկնում է գայթակղության ծանրագույն մեղքի տակ, որը տանում է հոգևոր մահվան:
Աստվածաշունչը զգուշացնում է. «Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրէնքը, նա ինքն է պղծում իր ուխտը։ Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականութեան մէջ» (Առակ. 28:9-10)։
Ըստ Աստվածաշնչի՝ պատարագը խանգարողը իրեն դնում է Աստծո դատաստանի տակ, զրկվում է հոգևոր խաղաղությունից և պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր գայթակղված հոգու համար։ Խռովարարի աղոթքը լսելի չէ Աստծո համար, նա գալու է եկեղեցի իր դատապարտությունը ստանալու համար: Եկեղեցական իրավունքի տեսանկյունից՝ պատարագը խանգարելը համարվում է ապստամբություն Աստծո դեմ»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Փաշինյանն իր ֆեյսբուքյան եթերում ասել էր․ «Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ, այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է։ Մենք պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և, ի վերջո, այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»։