ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին




 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց, «Ազատությանը» հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին:


 


Նա նշեց, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ:


 


«Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, իհարկե, ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց, իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները», – ասաց Ամատունին:


 


Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով:


 


Բաքվի պահանջով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում:


 


Զառա Ամատունին մանրամասնեց, որ այս այցը կազմակերպել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխավոր գրասենյակը, ինչպես նաև «արդյունքն է մեր և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության»:


 


«Մենք պատրաստակամ ենք և բաց ենք՝ շարունակելու այս ուղղությամբ մեր ջանքերը», – հավելեց նա:


 


Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 23 հայ գերի է պահվում: Նրանք ամիսներ շարունակ մեկուսացման մեջ էին հայտնվել:


 


Երկու օր առաջ հաղորդվեց, որ Բաքվի բանտում պահվող հայ գերիներից 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է:


 


Ըստ ադբեջանական աղբյուրների՝ կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, շնչահեղձություն ու սրտի ցավեր է ունեցել:


 


Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանն էլ այսօր ընդամենը մի քանի օր տևած դատավարությունից հետո 8 ծանր հոդվածով մեղադրվող 58-ամյա Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել։


 


 


Leave a Comment