29 դեկտեմբերի 2025 – 11:20 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր է ոչ միայն ներմուծում իրականացնել Ադրբեջանից, այլև կազմակերպել արտահանում Հայաստանից դեպի Ադրբեջան։ Այդ մասին նա ասել է, դեկտեմբերիկ 28–ին Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցու մերձակայքում, որտեղ վարչապետի հետ մասնակցում էր պատարագի։
«Ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլ նաև արտահանում է հնարավոր: Այս պահի դրությամբ բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար հնարավորությունները շատ են: Ինչպես սովորաբար պրակտիկան է եղել, իրենք հայտարարել են, մենք հաստատել ենք: Կարծում եմ վրացական, ադրբեջանական կողմերը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, դուք էլ մեզ հարցում կանեք, կհաստատենք», – ասել է Պապոյանը, հայտնում է «Ազատությունը»։
Նախարարը նշել է արտահանման ենթակա ապրանքների շրջանակը, որոնք ներառում են ալյումին, ալյումինից պատրաստված փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, մրգեր և բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, ինչպես նաև տեքստիլ արտադրանք։
Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ «հերթեր կան այդ բենզինի համար»։
«Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»,–ասել է Միրզոյանը, հայտնում է Auroranerws.am-ը։
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։