Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է 2026 թվականի աշխարհի առաջնության հաղթողի հիմնական հավակնորդների վերաբերյալ իր կարծիքով։
«Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան և Մարոկկոն գլխավոր ֆավորիտներն են։ Ես չեմ նշում Բրազիլիան, բայց նա նույնպես կարող է լինել ֆավորիտների թվում։
Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա կարծում եմ՝ մենք միշտ մոտ ենք հաջողությանը, բայց թիմին չեմ տեսնում հիմնական հավակնորդների շարքում»,- Կրոսի խոսքերն է մեջբերում AS-ը։
35-ամյա Կրոսը 2014 թվականի աշխարհի չեմպիոն է։ Գերմանիայի ընտրանու կազմում նա անցկացրել է 114 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։