Հայկական «մեծ եռյակը» 2025-ին – itel.am

2025 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «մեծ եռյակը»՝ Ucom-ը, Team Telecom Armenia-ն եւ Viva-ն, ոչ միայն նոր պրոդուկտներ ու ծառայություններ էին շուկա հանում, այլեւ լրջորեն վերազինում էին իրենց ցանցերը: 

Itel.am ամփոփել է «մեծ եռյակի» 2025-ը՝ ինչ փոփոխություններ են իրականացրել օպերատորները այս տարի եւ ինչպես են դրանք անդրադառնալու Հայաստանի կապի ու թվային ենթակառուցվածքների ապագայի վրա։

Ucom

5G ցանցի լայնածավալ տեղակայում

Նոյեմբերին Ucom-ը հայտնեց, որ ավարտել է 5G ցանցի տեղակայումը Հայաստանի բոլոր քաղաքներում: Ծածկույթն այժմ հասանելի է 48 քաղաքում, հարյուրավոր գյուղական համայնքներում, Երեւան-Դիլիջան մայրուղու վրա, Բաղրատաշեն, Բավրա եւ Ագարակ սահմանային անցակետերում: