Մեր պետության ամոթալի էջերի մի մասն ուղղակի կապվում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Տարիներ առաջ նրա կոչով դատարանների շենքերի վրա գրոհ տեղի ունեցավ, ինչի բացասական հետևանքները զգացվում են մինչ օրս։ Թվում էր, թե վարչապետը զղջացել է սրա համար ու նման ամթալի կոչեր չի անի։ Սակայն այս լավատեսությունը ջուրն ընկավ նախօրեին։
«Կան մարդիկ, որոնք ասում են, որ երբ տարբեր եկեղեցիներում պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին և հարցնում են՝ արդյոք նման բան կարելի՞ է և թույլատրելի՞ է։ Ես կարծում եմ, որ, այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է։ Երբ այն մարդիկ, որոնք իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այդ փաստի հետ, մենք՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևակերպենք այդ փաստի առիթով, այլ նաև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և ի վերջո այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»,- ասել է Փաշինյանը դեկտեմբերի 27-ին։
Ովքե՞ր կարձագանքեն այս կոչին ու ինչպե՞ս կարող են բողոք արտահայտել պատարագի ժամանակ։
Փաշինյանն ամեն կիրակի մասնակցում է պատարագի։ Նրա պահանջով խախտվում է պատարագի մատուցման կարգն ու զեղչվում Գարեգին Բ-ի անունը։ Բայց որոշ հավատացյալներ տեղից լրացնում են պատարագիչին։ Ենթադրելի է, որ հավատացյալը խոնարհաբար է լրացնում պատարագիչին, որ պահպանվի պատարագի մատուցման կարգը։ Ենթադրելի է՝ պատարագի կարգի պահպանման ջատագովները վրդովեցնում են Փաշինյանին, ու նա իրեն պարտված է զգում։ Կաթողիկոսի անունը տվողներին դուրս են բերում եկեղեցուց։ Սակայն Գարեգին Բ-ի անունը տվողներին դուրս հանելը, հավանաբար, չի բավարարում Փաշինյանին, ու նա փաստացի հակագրոհի կոչ է անում։
Հիմա պատկերացնենք, թե ինչ կարող են անել մարդիկ, որոնք Փաշինյանի կոչով բողոք կարտահայտեն օրինական պատարագի ժամանակ։ Ենթադրելի է, որ նրանք խուլիգանաբար կսուլեն այն ժամանակ, երբ պատարագիչը Գարեգին Բ-ի անունը կտա։ Ժողովրդի հանդեպ խորը ատելություն ունեցող անդաստիարակ խուլիգանները կարող են նաև անհարգալից, հայհոյախառը բառերով արտահայտել իրենց վերաբերմունքը։ Պատարագի ժամանակ այսպիսի վարքը, հավանաբար, կորակվի խուլիգանություն, որը կարող է վերաճել վիճաբանության, ծեծկռտուքի և այլն։
Խորհրդային բռնազավթումից ազատագրված, երբեմնի բախտակից Էստոնիան Հայաստանի չափ երկիր է, բայց հիմա կլիոմետրով առաջ է։ Նրա զարգացման բանալին հասարակական համերաշխությունն է։ Ընդհանրապես՝ բոլորը գիտեն, որ ներքին խաղաղությունն ու հասարակական համերաշխությունը պետության առաջընթացի, ընդհանուր բարեկեցության ու համախառն ներքին երջանկության հիմնասյուներն են։ Սա հաշվի առնող իշխանությունը ջանք է գործադրում ներքին խաղաղության, հասարակական համերաշխության պահպանման համար։ ՀՀ վարչապետն, ըստ էության, հակառակն է անում՝ ատելություն տարածում, պառակտում հասարակությունը։ Ինչպե՞ս կարող է երջանիկ հայրենիքի մասին երգ գրող վարչապետը հակահասարակական արարքի կոչ անել։
Կարճ ասած՝ ցանկալի է, որ Փաշինյանի այս կոչին ոչ ոք դրական չարձագանքի, ոչ ոք խուլիգանակական վարք չդրսևորի եկեղեցում պատարագի ժամանակ։ Այդկերպ կարող են ցույց տալ ժողովրդին ու աշխարհին, որ ՔՊ-ի անդամներն ու համակիրները անդաստիարակ խուլիգաններ չեն, ՔՊ-ն քաղաքակիրթ կառույց է, ՔՊ ռազմավարության առանցքում ատելության խոսքն ու հասարակության պառակտումը չեն։
Թաթուլ Մկրտչյան