Երևան-Մոսկվա չվերթը վայրէջք է կատարել Կազանում՝ անվտանգության սահմանափակումների պատճառով

Անցած գիշեր Մոսկվա մեկնող մի շարք չվերթեր գործող սահմանափակումների պատճառով թռիչքների ուղղությունը փոխել են պահեստային օդանավակայաններ, այդ թվում է դեպի Երևան չվերթը։

«Զվարթնոց» օդանավակայանից Armenia Today-ին հայտնել են, որ Երևան-Մոսկվա, Մոսկվա-Երևան չվերթերի ուշացումներ կան, բայց չեղարկումներ՝ ոչ։

Armenia Todayթղթակցին Երևանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ուղևորվող չվերթի ուղևորներից մեկը պատմել է, որ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր ժամը 23:15-ին, սակայն այն ուղղությունը փոխել է Կազանի պահեստային օդանավակայան, վայրէջք է կատարել ժամը 04:00-ի սահմաններում: Ուղևորներին տեղավորել են հյուրանոցում և հայտնել, որ Մոսկվա թռիչքը նախատեսված է ցերեկային ժամերին:

«Աէրոֆլոտ»-ը նախատեսում է դեկտեմբերի 28-ի ընթացքում վերադառնալ սովորական ժամանակացույցին, իսկ պահեստային օդանավակայաններում մնացած չվերթերը Մոսկվա կմեկնեն մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ն։

Դեկտեմբերի լույս 28-ի գիշերն անվտանգության նկատառումներով ուժի մեջ մտած սահմանափակումների պատճառով «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ավելի քան 270 չվերթ ուշացել է։ 69 ինքնաթիռ ուղևորվել է պահուստային օդանավակայաններ, 42 չվերթ չեղարկվել է։

Leave a Comment