Սիրիայի արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 60-ը

Սիրիայում ալավի ցուցարարների և կառավարամետ ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 60 մարդ, հաղորդում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ երկրի արևմուտքում գտնվող Լաթաքիա և Տարտուսի ափամերձ քաղաքներում հավաքվել են հազարավոր ալավի ցուցարարներ։ Ցույցերը կազմակերպել էր ալավի շեյխ Ղազալ Ղազալը, որը բնակվում է Սիրիայի սահմաններից դուրս և գլխավորում է Սիրիայում և սփյուռքում գործող Ալավիների Գերագույն իսլամական խորհուրդը: Սիրիական պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ բախումների ժամանակ զոհվածների թվում է Սիրիայի ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի անդամը:

Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, իշխանությունները մինչ այժմ ձերբակալել են Լաթաքիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցած ավելի քան 100 մարդու: Սիրիայի պաշտպանության նախարարությունը նաև ռազմական լրացուցիչ ուժեր և զրահատեխնիկա է տեղակայել Լաթաքիա և Տարտուս:

AP-ն նշում է, որ բախումները տեղի են ունեցել Հոմսի ալավիական մզկիթում տեղի ունեցած պայթյունից երկու օր անց, որի հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել 18 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իրեն «Սարայա Անսար ալ-Սուննա» անվանող խումբը։

Leave a Comment