91 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Բրիջիտ Բարդոն, հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով նրա հիմնադրամի տարածած հաղորդագրությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհահռչակ դերասանուհին և երգչուհին հրաժարվել է իր փայլուն կարիերայից՝ կյանքն ու գործունեությունը նվիրելով կենդանիների պաշտպանությանն ու հիմնադրամի աշխատանքներին։ Մահվան ժամանակն ու վայրը չեն հստակեցվել։
Բարդոն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1956 թվականին նկարահանված And God Created Woman («Եվ Աստված ստեղծեց կնոջը») ֆիլմից, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը նրա այն ժամանակվա ամուսինն էր՝ Ռոգեր Վադիմը։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում նա դարձել է համաշխարհային «սեքս-խորհրդանիշ», իսկ 1970-ականների սկզբին հայտարարել է դերասանական գործունեությունից հեռանալու մասին՝ ավելի ակտիվ ներգրավվելով հասարակական և քաղաքական կյանքում։
Կենդանիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ նրա գործունեությունը հետագայում ուղեկցվել է նաև սկանդալներով․ Բարդոն աջակցել է Ֆրանսիայի ծայրահեղ աջ Front National կուսակցությանը և մի քանի անգամ դատապարտվել ռասայական ատելություն տարածելու համար։
Բարդոն ծնվել է 1934 թվականին Փարիզում։ Սովորել է բալետ՝ ընդունվելով Փարիզի կոնսերվատորիա, աշխատել որպես մոդել և 15 տարեկանում հայտնվել Elle ամսագրի շապիկին։ Մոդելային գործունեությունն ի վերջո նրան բերեց կինո, իսկ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմը նրան վերածեց ֆրանսիական կինոյի ամենահայտնի դեմքերից մեկը։
