Հուսով ենք՝ մյուս տարի այս օրը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում միասին կաղոթենք․ Տեր Փառենը եկել է «Իզմիրյան» ԲԿ՝ շնորհավորելու Միքայել սրբազանին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցներն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի դիմաց են. եկել են շնորհավորելու Սրբազանի ծննդյան օրը:

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը նույնպես ներկա է, նշեց, որ եկել են նախևառաջ իրենց որդիական պարտքը կատարելու։

«Միքայել սրբազանը մեր նվիրյալ հոգևորականներից է, որից ամեն օր սովորում ենք և կարելի է սովորել… Ցավոք, այս պայմաններում ենք շնորհավորում, եկել ենք առողջություն մաղթելու և ցանկություն հայտնելու, որ մյուս տարի իր ծննդյան տոնը ոչ թե այստեղ նշենք, այլ գնանք Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում միասին աղոթք անենք և կարողանանք իր աջը համբուրել»,- ասաց նա:

Տեր Փառենը կարծում է, որ Միքայել սրբազանի տրամադրությունը պետք է մարտական լինի՝ ինչպես բնորոշ է նրան, բայց նաև՝ ցավով ողողված, որովհետև կուզենար այսօր ոչ թե անկողնում պառկած լինել, այլ դրսում՝ աղոթքի կանգնած:

Հիշեցնենք, որ նախօրեին Սրբազանը վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է բարեհաջող։

Ավելի ուշ  բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել․

«Միքայել սրբազանի առողջական վիճակով անհանգստացող մարդիկ՝ հաշվի առնելով ձեր բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն «Իզմիրլյան» ԲԿ-ում վիրահատվել է։ Այժմ գտնվում է Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատական բաժանմունքում, ստանում է հետվիրահատական բուժում։ Միքայել սրբազանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնել չենք կարող, քանի որ դրանք համարվում են բժշկական գաղտնիք»։

Leave a Comment