Բաքվում հայ գերիների «դատավարությունը» հայտարարվել է ավարտված, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատավորները, ըստ տեղեկությունների, հեռացել են խորհրդակցական սենյակ՝ դատավճիռը քննարկելու համար։
Այսօրվա դատական նիստում իր եզրափակիչ խոսքով հանդես է եկել Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ և ներկայացրել հակափաստարկներ։ «Ես ինձ մեղավոր չեմ համարում. ես որևէ հանցագործություն չեմ կատարել», – Իշխանյանի խոսքերն են մեջբերել լրատվամիջոցները։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։ Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։
