Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը․ Infocom

Մայիսի 13-ին ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Գարեգին Հովիկյանը։ Վերջինս «Ա. Մելքոնյան» ընկերության սեփականատերն է, որն ավելի հայտնի է «Կաթենի» կաթնամթերքի ապրանքանիշով։ Մեկ ամիս անց էլ Գարեգին Հովիկյանի եղբայրը՝ Հրանտ Հովիկյանն է ՔՊ-ին փոխանցել 2 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ «Ա. Մելքոնյան» ընկերության «խելացի» անասնաշենքը կառուցվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական օժանդակության ծրագրի շրջանակներում։ 

Երկու նվիրատու 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել արդեն մայիսի 14-ին, 6 նվիրատու՝ մայիսի 15-ին, ևս 1-ը՝ մայիսի 16-ին։ Վերջին նվիրատուն Հակոբ Նազարյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ։ Նազարյանը 2023 թվականին հիմնադրված «Արմ-պրոֆիտ» ընկերության տնօրենն է։ Ընկերությունն իրականացնում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատումը։ Նազարյանի փոխանցումից մեկ օր առաջ 2․5-ական միլիոն դրամներ են փոխանցել վերջինիս կինը՝ Լիլիթ Նազարյանը, 19-ամյա դուստրը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Տիգրան Մարոյանը և Էլմիրա Մարոյանը։ 

Թեև «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատման շինարարական թույլտվությունը Նազարյանի ընկերությունը ստացել է 2025 թվականի փետրվարի 19-ին, անշարժ գույքի գործակալության կայքում, որն իրականացնում է համալիրի բնակարանների վաճառքը, նշված է, որ կառուցապատումը մեկնարկել է 2024 թվականի ապրիլի 1-ին։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Տիգրան Մարոյան Յուրիի» ԱՁ-ի հետ։ Վերջինս 71 միլիոն դրամի դիմաց իրականացրել է սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների պատրաստում, տեղադրում և ապամոնտաժում։

Մայիսի 14-ին 2.5 միլիոն դրամի նվիրատվություն կատարած անձանցից մեկը Վահան Խալոյանն է, վերջինս ներկայանում է որպես «ՎՄՎ Քամփանի» ընկերության տնօրեն։ 2019-ի վերջին հիմնված այս ընկերությունը 2020 թվականից ակտիվորեն մասնակցում է պետական գնումներին և միայն 2024 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքել է ավելի քան 1.2 միլիարդ դրամի պայմանագրեր՝ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Թեև որպես ընկերության տնօրեն ներկայանում է Վահան Խալոյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության միակ բաժնետերը և տնօրենը Շուշիկ Խալոյանն է, որը գրանցված է նույն հասցեում, ինչ նախկինում Վահան Խալոյանը, իսկ այժմ՝ նրա հայրը։

Նույն օրը ՔՊ կուսակցությանը խոշոր՝ 2 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել Ղևոնդ Էմյանը։ Վերջինիս «Գոլդ Ֆաերվորկ» ՍՊԸ-ով և «Ղևոնդ Էմյան Գևորգի» Ա/Ձ-ով 2019 թվականի մայիսին Վարչապետի աշխատակազմի հետ կնքել է երկու պայմանագիր՝ մեկը՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների, մյուսը՝ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համար։ Երկու պայմանագրերն էլ կնքվել են հրատապ մեկ անձից ընթացակարգով, իսկ պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է շուրջ 1.4 միլիոն դրամ։

Ընդհանուր առմամբ, մայիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի քան 34 միլիոն դրամի նվիրատվություն, որից 32 միլիոնը՝ 1 միլիոն և ավելի դրամ փոխանցած 13 նվիրատուներից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment