Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Եգիպտոսի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ընտրանու նկատմամբ։
B խմբի հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով։ Խաղի 45-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը 11-մետրանոց հարվածով հեղինակեց Մոհամեդ Սալահը։
Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում եգիպտացիները մնացին 10 հոգով․ երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Մոհամեդ Հանին։
Այս հաղթանակի շնորհիվ Եգիպտոսի հավաքականը վաստակեց 6 միավոր և, գլխավորելով B խմբի մրցաշարային աղյուսակը, ժամանակից շուտ ապահովեց իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում։ ՀԱՀ-ի հավաքականը 3 միավորով երկրորդ հորիզոնականում է։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ
Խմբի մյուս խաղում Անգոլայի և Զիմբաբվեի հավաքականները հաղթողին չպարզեցին՝ 1։1։
Աֆրիկայի ազգերի գավաթ, 2-րդ տուր
Եգիպտոս — ՀԱՀ՝ 1։0 (1։0)
Գոլը՝ Սալահ, 45 (11մ)
Հեռացում՝ Հանի, 45+
Անգոլա — Զիմբաբվե՝ 1։1 (1։1)
Գոլերը՝ Դալա, 24 — Մուսոնա, 45