Ասացի՝ ուզո՞ւմ ես, որ սա լինի քո աշխատանքային վերջին օրը․ Թիկնիզյանը վերհիշել է ռուսաստանյան օրերը

«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Nobel յութուբյան ալիքին տված հարցազրույցում անդրադարձել է մոսկովյան «Լոկոմոտիվում» իր կարիերայի մեկնարկին։ Ֆուտբոլիստը, որը 2021-2025 թվականներին հանդես է եկել «երկաթուղայինների» կազմում, վերհիշել է ակումբում իր առաջին աշխատանքային օրն անվտանգության աշխատակցի հետ ունեցած կոնֆլիկտը։

Թիկնիզյանի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ նա ժամանել էր մարզադաշտ՝ մասնակցելու նկարահանման։

«Ես ժամանեցի առավոտյան 06:50-ին, չնայած մարզումը նախատեսված էր 10:00-ին։ Երբ տաքսիով մոտեցա արգելապատնեշին, անվտանգության աշխատակիցը կանգնեցրեց մեքենան և խնդրեց իջեցնել ապակին՝ ինքնությունը պարզելու համար։ Ես քաղաքավարի բացատրեցի, որ թիմի նոր ֆուտբոլիստն եմ և եկել եմ նկարահանման»,— պատմել է պաշտպանը։

Սակայն, ըստ ֆուտբոլիստի, աշխատակցի արձագանքը կոպիտ է եղել․ վերջինս հայտարարել է, որ նրան չի ճանաչում և պահանջել է հեռանալ տարածքից։

«Դա ինձ համար ազդանշան էր։ Ես պայթեցի։ Առանց այն էլ դժվարությամբ էի արթնացել այդքան վաղ։ Նրան ասացի՝ «Ուզո՞ւմ ես, որ սա լինի քո աշխատանքային վերջին օրը։ Ես դա կկազմակերպեմ»։ Կարելի է ասել՝ ինքնատիրապետումս կորցրել էի»,— անկեղծացել է Թիկնիզյանը։

Հետահայաց գնահատելով իրավիճակը՝ ֆուտբոլիստը նշել է, որ տարիներ անց կատարվածը մի կողմից ամոթալի է թվում, մյուս կողմից՝ ծիծաղելի։ Նա խոստովանել է, որ այն պահին, հնարավոր է, չէր գիտակցում իր ասածների ծանրությունը։

«Ես այնպիսի մարդ եմ, որ երբ դիմացինին հարգանքով եմ վերաբերվում, բայց փոխադարձաբար նույնը չեմ ստանում և անհարգալից վերաբերմունք եմ զգում, կարող եմ շատ չարանալ»,— եզրափակել է Նաիրը։

Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը սերբական ակումբի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment