«Քոչարի – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» քաղաքական կուսակցության կոշտ դիրքորոշումը` Ադրբեջանից բենզինի ներմուծման և քաղաքացիներին մեղադրելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
««ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» քաղաքական կուսակցությունը կտրուկ և հստակ մերժում է այն ձևակերպումները, որոնցով փորձում են մեղադրել քաղաքացիներին բենզինի գների դեմ բողոքելու կամ Թուրքիայից այլ ապրանքներ ներմուծելու մեջ։ Այդկերպ, պետական մակարդակով ընդունված վտանգավոր որոշումների պատասխանատվությունը տեղափոխվում է հասարակ ժողովրդի ուսերին։
Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների հնչեցրած թեզը, թե «քաղաքացիները տարիներ շարունակ Թուրքիայից կամ այլ երկրներից ապրանք են ներմուծել և վճարել ռազմական բլոկներին», հանդիսանում է քաղաքական մանիպուլյացիա, հանրային կարծիքի շեղում և պետական պատասխանատվության թուլացում։
Քաղաքացին և բիզնեսը գործում են այն իրավական և տնտեսական դաշտում, որը սահմանում է պետությունը։
Ռազմավարական նշանակության ապրանքների` ներառյալ վառելիքի, մատակարարման աղբյուրը որոշում է պետությունը, ոչ թե անհատ քաղաքացին կամ շարքային սպառողը։
Լիցենզիան տալիս է պետությունը:
Տեղական շուկայի կառուցվածքը ձևավորում է պետությունը։
Ազգային անվտանգության ռիսկը գնահատելու պարտականությունը պետությանն է։
Հետևաբար, քաղաքացիներին մեղադրելն անընդունելի և անբարոյական է։
Վառելիքը պարզապես ապրանք չէ․ այն պետության կենսունակության հենքն է։
Ադրբեջանից բենզինի ներմուծումը նշանակում է Հայաստանի
տրանսպորտային համակարգը,
տնտեսական շրջանառությունը,
գյուղատնտեսական արտադրությունը
և անգամ ռազմական լոգիստիկան դարձնել կախված թշնամի պետությունից, որի հետ Հայաստանը դեռ ունի ռազմավարական, սահմանային և հումանիտար չլուծված մի շարք խնդիրներ։
Այս կախվածությունը ոչ թե տնտեսական արդյունավետություն, այլ անվտանգության սպառնալիք է։
Քաղաքացին-
չի որոշում մատակարարին
չի սահմանում գինը
չի հաստատում ներմուծման ռազմավարությունը
չի վերահսկում պետական համակարգը:
Քաղաքացին պարզապես վճարում է այն հետևանքները, որոնք ձևավորվել են պետական կառավարման սխալ քաղաքականությունից։
Սեփական սխալների պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելը քաղաքական անպատասխանատվություն և հանրային անպարկեշտություն է։
Ո՞վ է թույլ տվել պետության տնտեսական կախվածությունը թշնամուց
Ինչու՞ է թույլատրվել վառելիքի ներկրման շուկայում մենաշնորհ
Ո՞վ է իրական շահառուն ներկրման գործընթացից
Ինչու՞ չի ապահովվում մրցակցային և թափանցիկ շուկա
Քանի դեռ այս հարցերին պատասխանը չկա, քաղաքացիների մեղադրանքը կրկնակի անընդունելի է։
Եզրափակում
Բենզինի խնդիրը գնի մասին չէ․
Այն ազգային արժանապատվության, պետական պատասխանատվության
և Հայաստանի անվտանգության մասին է»: