Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջեն Ադրբեջանի ազգային շահերը․ Բայրամով

Քաղաքականություն

26.12.2025 | 18:43

Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջեն Ադրբեջանի ազգային շահերը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝   այս մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կայցելի Հայաստան։

Նա նշել է, որ ինքը կարող է այցելել Հայաստան, երբ տեղի ունենա որևէ հանդիպում կամ միջոցառում, որը կպահանջի Ադրբեջանի ազգային շահերը։

Բայրամովը նաև անդրադարձել է 3+3 ձևաչափին։ Ըստ նրա՝ 3+3 ձևաչափի մի քանի տարրեր պետք է հաշվի առնվեն։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականին, երբ վերջին հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում, առաջարկվել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում։

«Որոշակի պատճառներով կոնսենսուս չի եղել, և այս առաջարկը չի ներառվել վերջնական փաստաթղթում: Մեր առաջարկը մնում է ուժի մեջ»,- հայտարարել է Բայրամովը:

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստան հնարավոր այցին:

«Ես որևէ տեղեկություն չունեմ, որ պարոն նախագահը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին: Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը համեմատաբար նոր է։ Մասնակցության հրավերներ են ուղարկվում պետությունների ղեկավարներին։ Համաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում։ Իմ տեղեկություններով՝ պարոն նախագահի այցը նախատեսված չէ։ Այնուամենայնիվ, նախագահի աշխատակազմը կարող է ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ»,- ասել  է Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment