Փաշինյանը կարևորել է ՀԴՄ կտրոնի տրամադրումը և կոչ արել մարդկանց պահանջել այն

Փաշինյանը կարևորել է ՀԴՄ կտրոնի տրամադրումը և կոչ արել մարդկանց պահանջել այն

26 դեկտեմբերի 2025 – 18:58 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեում գերատեսչության ղեկավար կազմի և աշխատակազմի հետ հանդիպմանը ընդգծել է հարկային համակարգի կարևորությունը։ Նրա գնահատմամբ՝ հարկերի հավաքագրման համակարգն ու պետական եկամուտները մեր երկրում հաճախ չեն արժևորվել այն չափով, ինչքան պետք է։

Նա նաև կարևորել է ՀԴՄ կտրոնի տրամադրումը և կոչ արել մարդկանց պահանջել այն։

«Վարչապետի պաշտոնում առավել ևս հասկանում ես, որ պետական բյուջեի եկամուտները և հարկային համակարգն առաջնային են, որովհետև առանց բյուջեի չկա պետություն։ Կարծում եմ, որ առանց հարկային համակարգի պետության գոյության անհնարինությունը մեզանում բավարար չափով գիտակցված չէ, և հարկային, պետական եկամուտների հավաքագրման համակարգը ցանկացած պետության հենասյուներից մեկն է»,– ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ պետական բյուջեի մուտքերից է կախված ամբողջ հանրային կյանքը՝ անվտանգության ապահովումից մինչև կրթության, առողջապահության ու ենթակառուցվածքների զարգացումը։ Այս համատեքստում նա առանձնացրել է 2026 թվականից մեկնարկող համընդհանուր առողջապահության ապահովագրական համակարգը՝ որպես պետական ծախսերի բնութագրական օրինակ։

«Կարծում եմ, բացի այն, որ մենք երևացող շերտերին ենք անդրադառնում՝ ՀԴՄ, հարկեր, օրենք, օրինականություն, պետք է այս խորքային շերտերին էլ անդրադառնանք, որպեսզի մարդիկ այս ըմբռնումն ունենան։ Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ՝ 50-60 հազար ընտանիք, բնակարան է ձեռք բերում նորակառույց շենքերում։ Եվ դա, ըստ էության, մի մեծ մասով տեղի է ունենում պետական բյուջեի եկամուտների հաշվին, որովհետև պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում և այլն»,– շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հարկերի հավաքագրումը համարել է պետության կենսունակության առանցքային ցուցիչներից մեկը։

«Եթե այստեղ շոշափելի և էական պրոբլեմներ կան, դա արդեն ինքնին ազդակ է, թե ինչքանով է տվյալ պետությունը գործունակ։ Եվ ՊԵԿ-ի եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ են։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել՝ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Դա էլ գիտակցական ճամփորդություն է, որ գալիս հանգում ենք նաև, որ այս պրոցեսների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում»,–ասել է նա։

Վարչապետը ներկայացրել է նաև տնտեսության ներկայիս վիճակը՝ նշելով, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո տնտեսական աճը կազմել է մոտ 50 տոկոս, սակայն հարկային դաշտի բարելավման և ստվերի կրճատման առումով դեռ առկա են լուրջ անելիքներ։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը պետք է դիտարկվի որպես օժանդակող կառույց, ոչ թե ճնշող՝ օգնելով տնտեսվարողներին պատշաճ կերպով իրականացնել իրենց գործունեությունը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև դրոշմավորման նոր համակարգին, որի նպատակն է ապահովել ապրանքների հետագծելիություն։ Վարչապետի դիտարկմամբ՝ այս մեխանիզմներն ու բարեփոխումները պետք է բարձրացնեն ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վստահությունը։

«Ընդհանուր առմամբ, հենց այս փափուկ գործիքները, որ մենք կիրառենք, հնարավորություն է տալու Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի իմաստն ու բովանդակությունը կերպափոխել, որ մի իքս պահի, ես հավատում եմ, ՊԵԿ-ը դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որն իրենց անընդհատ աջակցում է, որ իրենք ճիշտ ճանապարհներով շարժվեն առաջ և ճիշտ արձանագրումներ անեն»,–ասել է Փաշինյանը։

Leave a Comment