Պուտինի հանձնարարությամբ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև շփում է տեղի ունեցել. Կրեմլ

Քաղաքականություն

26.12.2025 | 18:35

Կրեմլը վերլուծել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի կողմից Մայամիում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տրամադրված տեղեկատվությունը, և Պուտինի հանձնարարությամբ արդեն իսկ կապ է հաստատվել Ռուսաստանի և ԱՄՆ վարչակազմերի ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այն բանից հետո, երբ Կիրիլ Դմիտրիևը նախագահին զեկուցել է ԱՄՆ կատարած իր ուղևորության արդյունքների և ամերիկացիների հետ ունեցած շփումների մասին, այս տեղեկատվությունը վերլուծվել է, և նախագահ Պուտինի հանձնարարությամբ կապ է հաստատվել Ռուսաստանի և ԱՄՆ վարչակազմերի ներկայացուցիչների միջև»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ըստ Կրեմլի խոսնակի՝ «պայմանավորվել են շարունակել երկխոսությունը»։

Ինտերֆաքսի հարցին, թե վերջին շփումների ժամանակ ովքեր են ներկայացրել Ռուսաստանն ու  ԱՄՆ-ն, Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Կարող եմ ասել, որ Յուրի Ուշակովը (ՌԴ նախագահի օգնական) ներկայացրել է նախագահի վարչակազմը, և Սպիտակ տնից մի քանի զրուցակիցներ են եղել»։

Կրեմլը հրաժարվել է մանրամասնել, թե ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն ինչ փաստաթղթեր է բերել ԱՄՆ կատարած իր այցից կամ ինչպես է դրանք գնահատում Մոսկվան։

«Ես դա չեմ կարող ասել ձեզ։ Մենք դեռևս կարծում ենք, որ այս տեղեկատվության տարածումն այս պահին կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա: Հետևաբար, նման հեռախոսազրույց եղել է, և մենք որոշել ենք շարունակել երկխոսությունը: Այսքանը կարող ենք ասել»,- նշել է Պեսկովը։

Ուրբաթ առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «առաջիկայում» հանդիպման մասին։ Axios-ի տվյալներով՝ դա կարող է տեղի ունենալ կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, Թրամփի՝ Ֆլորիդայի մասնավոր նստավայրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment