26 դեկտեմբերի 2025 – 18:27 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեում գերատեսչության ղեկավար կազմի և աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում գործունեության մեծ դաշտ է բացվելու։
Նա ասել է, որ զարգացումներ սպասվում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլ նաև Հայաստան-Թուրքիա սահմանին։
«Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 2026 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը»,–ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Հայաստանում ձևավորել տնտեսական լոգիստիկայի նոր կարողություններ՝ հատկապես կառավարման կազմակերպչական կողմով։ Ըստ նրա՝ այդ կարողությունները կբացեն տնտեսական դիվերսիֆիկացիայի նոր ուղիներ։
«Շատ կարևոր եմ համարում հայեցակարգի բովանդակային հատվածը, որովհետև մենք ավելի ու ավելի շատ պետք է կարևորություն տանք հայեցակարգերին։ Որևէ բան կարող է որակյալ տեղի ունենալ, եթե իր հիմքում ինչ-որ տեքստ, բովանդակություն է դրված, որն ուղենիշ է ծառայում բոլորի համար, և այդ տեքստը հրապարակային է, և բոլորը գիտեն ինչ է արվում, ինչի համար, որն է նպատակը, պատճառահետևանքային կապերը։ Եվ այդ առումով կարևոր եմ համարում, որ մենք հասել ենք այս կետին, որ գրեթե ամեն օր այս թեմաներով խոսում ենք։ Պետք է ի վերջո գիտակցվի, որ Հայաստանի Հանրապետությունում իրոք չկա ոչ մի ընտանիք, որ իր կարիքների համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Պետական բյուջեն է ցանկացած ընտանիքի բարեկեցության թիվ մեկ աղբյուրը, և իմ համոզմունքը նաև այն է, և դա գնալով ավելի է հիմնավորվում, որ ՀՀ յուրաքանչյուր ընտանիքի և մարդու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքն ինչքան է ծախսում իր բարեկեցությունն ապահովելու համար, առաջին հերթին կախված է նրանից, թե պետական և համայնքային բյուջեներն ինչքան են ծախսում իր բարեկեցությունն ապահովելու համար»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։