Բակո Սահակյանը Բաքվում հայտարարել է՝ «դատաքննության սկզբից փաստաբանիս ասել եմ, որ Շուշիի գործողություններին իմ մասնակցության էպիզոդը չեմ թաքցնելու դատարանում»

Դեկտեմբերի 25-ին Բաքվի «դատական» նիստի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ամփոփել է իր եզրափակիչ ելույթը:

Նա հրաժարվել է նախաքննության շրջանում կորզված «ցուցմունքներից» և ադրբեջանական դատարանին է դիմել, որ որոշում կայացնելիս՝ հաշվի առնեն միայն դատարանում իր արած հայտարարությունները, որից հետո գեներալը դատարանին է հանձնել «դատական» 3 նիստերի ընթացքում իր եզրափակիչ ելույթի 51 էջից բաղկացած տեքստը:

168.amգրել է, որ նիստերից մեկում իր եզրափակիչ խոսքում գեներալ Մնացականյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքը պատերազմում վարձկաններ ներգրավելու հետ կապված՝ «նրանք չեն եղել վարձկաններ, բոլորը եղել են կամավորականներ, ոչ մեկը նրանց հատուկ չի ուղարկել ծառայության և դրա դիմաց գումար վճարել»:

Այնուհետև ելույթներ են ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:

Նախ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված ոչ մի մեղադրանք, և, որ «Խորհրդային Ղարաբաղ» թերթում իր աշխատանքը, բնավ, հանցագործություն չէ, ինչպես ներկայացնում է մեղադրող կողմը, ավելին, հանցագործ տարրեր չի պարունակել նաև հենց թերթի գործունեությունը:

Արցախի նախկին նախագահը շարունակել է, որ մեծ քաղաքականությունից ինքը հեռացել է 2007 թվականից և այդպես էլ չի վերադարձել:

Իսկ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ իր վերջին խոսք-հակափաստարկում առաջին հերթին ընդգծել է, որ իրենք իրենցից «հանցագործ միություն չեն ներկայացրել», ինչպես մեղադրող կողմն է ներկայացրել (սկսած ղարաբաղյան շարժման սկզբից.- Մ.Պ.)՝ «ոչ մի հանցագործ կազմակերպություն չկար և չէր կարող լինել»:

Նա նաև անդրադարձել է Շուշիի ազատագրմանը:

«Երբ դատական քննությունը սկսվեց, ես իմ փաստաբանին ասեցի՝ այո, Շուշիին առնչվող իմ մասնակցությամբ էպիզոդ կա, և ես դա չեմ կարող թաքցնել դատարանում»,- դեկտեմբերի 25-ի նիստի ժամանակ իր եզրափակիչ խոսքում ասել է Բակո Սահակյանը:

168.amգրել է, որ Բաքվի «դատավարության» ժամանակ ոչ մեկ անգամ անդրադարձ է կատարվել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմի իրականացրած Շուշիի օպերացիային, ընդ որում, ներկայացվել են արխիվային տեսանյութեր:

Եվ այս տարվա ապրիլին հերթական «դատական» նիստի ժամանակ այս առնչությամբ հարցեր են տրվել նաև Բակո Սահակյանին, ինչին նա, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, պատասխանել էր, որ «Վիլեն Միքայելյանի գլխավորած ջոկատում մասնակցել է Շուշիի ազատագրման գործողություններին»:

Իսկ «դատական» նիստը շարունակվել է դեկտեմբերի 26-ին, և ադրբեջանական կողմի հաղորդմամբ, իր վերջին խոսքն է ներկայացրել Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը:

Leave a Comment