26 դեկտեմբերի 2025 – 17:16 AMT
PanARMENIAN.Net – ՔԿՀ–ից բուժկենտրոն տեղափոխված և վիրահատված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հայտարարել են, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետը խախտել է հոգևորականի մի շարք իրավունքներ։
«Ռոբերտ Թամարյանի խտրական վերաբերմունքը դրսևորվում է Միքայել Սրբազանի՝ խնամակալ ունենալու, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագին (Պատարագին մասնակցելու հարցին կանդրադառնանք հետագայում) մասնակցելու իրավունքներին խոչընդոտելով:
17.12.2025թ․ Միքայել սրբազանի պաշտպանը գրությամբ խնդրել է թույլ տալ Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել (մուտք ու ելք ունենալ) Միքայել սրբազանի հիվանդասենյակում բժշկական կենտրոնի ցուցումի համաձայն՝ «հաշվի առնելով առկա և ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև սպասվող վիրահատական միջամտությունները բուժառուին անհրաժեշտ է մշտական խնամակալ»: Բժշկական կենտրոնի տեղեկանքը դիմումին կից ներկայացվել է:
Ի պատասխան նշված դիմումի ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը 19.12.2025թ․ ըստ էության մերժելով պաշտպանի խնդրանքը հայտնել է, որ «ենթադրվում է, որ խնամակալի անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն հետվիրահատական շրջանում»: Այդ գրության մեջ ՔԿՀ պետը նշել է, որ հաշվի են առել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից տրամադրված տեղեկանքը:
25.12.2025թ․ Միքայել սրբազանի պաշտպանը կրկին դիմելով ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանին հայտնել է, որ նախատեսվում է Միքայել սրբազանի վիրահատությունը կազմակերպել 26.12.2025թ․, և խնդրել է թույլատրել Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել (մուտք ու ելք ունենալ) Միքայել (Գևորգ) Աջապահյանի հիվանդասենյակում՝ վիրահատությունից անմիջապես հետո:
ՔԿՀ–ն հեռախոսազանգով տեղեկացվել է, որ վիրահատություն իրականացվել է:
Քիչ առաջ ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը, պատասխանելով գրությանը, հայտնել է, որ անհրաժեշտ է ներկայացնել բուժող բժշկի տեղեկանք խնամակալ տրամադրելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը ուսումնասիրելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
Ինչպես տեսնում ենք, ՔԿՀ պետն իր տրամադրության տակ ունենալով բժշկական կենտրոնի տեղեկանքը, արհեստականորեն դժվարություններ է ստեղծում, կրկին նոր տեղեկանք պահանջելով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քիչ առաջ վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այդ մասին հայտնել է ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյանը՝ նշելով, որ սրբազանի առողջական վիճակի մասին տեղեկություն դեռևս չկա։
Նա ԲԿ է տեղափոխվել կալանավայրից, որտեղ նրա առողջական վիճակը վատթարացել էր։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք վերաբերում են իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարման կամ սահմանադրական կարգը բռնի տապալման հրապարակային կոչերին։