Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը գրում է.
«2018 թվականին իշխանության եկած քաղաքական թիմի մեջ մի երկու հոգի կային, ովքեր ունեին որոշակի կառավարչական ունակություն ու մի քիչ էլ փորձ (չեմ խոսում պրեֆեսիոնալների մասին բնականաբար)։ Իհարկե դրանք առավելագույնը շենքի համատիրության ղեկավարելու էր բավարարում, բայց դե հիմա ստարտային պայմաններն ու անթիվ-անհամար հանրային ռեսուրսներով որոշակի փորձ կարելի է ասել ձեռք բերվեց։
Այդ հազվագյուտ իշխանականներից մեկը Տիգրան Ավինյանն է, ով գլոբալ ու անձնական մակարդակով փող շատ սիրելուն զուգահեռ, մյուսներից ի սկզբանե աչքի էր ընկնում կառավարչական ձիրքով։ Մետրոյի կայարանի ոդիսականը, որի մասին բազմաթիվ անգամներ գրել եմ (այդ թվում և ռուսական «դուրս գրված» ընկերությանը ներագրավելու մասով, տես՝ մեկնաբանությունը), ի թիվս այլ ձախողումների, մեկ անգամ ևս ապացուցում է, որ իշխանության մեջ եղած ամենալավ կառավարիչներն անգամ այս պետական համընդհանուր կառավարման մակարդակում, ցանկության դեպքում անգամ, չեն կարող արդյունքի հասնել (տես նաև Կապսի ջրամբարի զարգացումները)։
Կոնկրետ Ավինյանի և իր շրջապատի դեպքում կա նաև թայֆաբազության շատ մեծ դոզա (կարդալ՝ լակոտակրատիա), և ինչն ամենակարևորն է՝ ամենինչգիտենալու ու պրոֆեսիոնալներին արհամարհելու աշխատելաոճը։ Մի քանի օր առաջ գրել էի պետական համալիր փորձաքննության մասին, որը ոնց հենց իր գլխին ջարդվեց, իսկ հիմա արդեն Հետքը բացահայտեց մոտ 5 մլն դոլար քամուն տալը (հղումը մեկնաբանությունում)։
Այս ամենը նախևառաջ գալիս է ավինյանների փողասիրությունից, թայֆաբազությունից ու ամենինչգիտեմությունից։ Լոնդոնում բնակվելիս կամ Եվրոպայում ճամփորդելիս հանրային տրանսպորտից օգտվելը ու մի քանի հատ պոդքասթ լսելը դեռ բավարար չէ տրասնպորտի ռեֆորմ անելու համար, կամ ճարտարապետական ամսագիր նայելը դեռ չի նշանակում գրպանային ճարտարապետական խորհրդով կարող ես ճիշտ որոշումներ կայացնել, եթե իհարկե որոշումդ իրոք ուզում ես լինի լավագույնը քաղաքի համար, և ոչ քո ու շրջապատիդ համար քաղաքական ու ֆինանսական կապիտալի ակումուլացման համար։
Բայց ինչ որ առումով ներքուստ ուրախանում եմ, քանի որ գտնում եմ մետրոյի կայարանի այս գաղափարն այս տեսքով սխալ էր ի սկզբանե, ու նաև սա հույս է տալիս որ ակադեմիական քաղաքն ու մնացած ախմախ նախագծերը նույնպես «կգցեն ոտներին»՝ ինչպես ամեն ինչը»։