ԱՌՔԱ քարտ ունեցողները կօգտվեն 2% հետվերադարձից. Առավելագույն սահմանաչափը 60 հազար դրամ է.

ԱՌՔԱ քարտ ունեցողները կօգտվեն 2% հետվերադարձից. Առավելագույն սահմանաչափը 60 հազար դրամ է.

2026 թվականից նախորդ ամսվա կատարած գնումների 2 տոկոսի չափով հաջորդ ամսվա մինչեւ 25–ը հետվերադարձի մեխանիզմ է գործելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը՝ հավելելով, որ խոսքը ԱՌՔԱ քարտերով գործարքներից հետվճար տրամադրելու մասին է։

«Այն անձինք, որոնք ունեն ԱՌՔԱ քարտեր և դրանցով գնումներ են իրականացնում, 2 տոկոս հետվերադարձ է նախատեսում իրենց կատարած գնումներից։ Սակայն գործում են նաև սահմանափակումներ։

Մասնավորապես, գործարքների գումարի սահմանափակումը սկսվում է 1000 և ավելի գումարով գնման դեպքում և մեկ գործարքի դեպքում հետվերադարձի առավելագույն գումարը 6 հազար դրամ է։ Մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետվերադարձի համար սահմանային չափ է սահմանված 60 հազար դրամը։ Այսինքն 3 մլն դրամ գնման սահմանափակում է դրված, որի 2 տոկոսը 60 հազար դրամ է։

Որոշակի սահմանափակումներ կան նաև թե որ ծառայությունների համար վճարելու դեպքում հետվերադարձ չի նախատեսված։ Օրինակ, տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների վճարման համար, տեղական և համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումները, խաղատներում, ծանոթությունների կայքերում, մեծահասակների համար նախատեսված կայքերում, կրիպտոդրամապանակներում արվող վճարումների, նաև թանկարժեք քարերի ու մետաղների առքուվաճառքի դեպքում հետվճար նախատեսված չէ։ Նաև ֆինանսական կազմակերպության կողմից մատուցված ծատայության դիմաց արվող վճարումների, ԱՌՔԱ նվեր քարտերով մեկանգամյա գործարքների համար վճարումների դեպքում հետվճար չի լինի»,–ասաց Մկրտչյանը։

Նա հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է միայն ԱՌՔԱ քարտերին, «Mastercard» և «Visa» քարտերի դեպքում այս մեխանիզմը չի գործելու. «Սակայն կարող է Mastercard–ը ունենալ ԱՌՔԱ–ի հետ թողարկած համատեղ քարտ, եթե թողարկեն, այդ քարտերով կատարված գործարքների դեպքում լինելու է հետվերադարձ։ Այս պահին խոսքը միայն ԱՌՔԱ քարտերով գործարքների մասին է»։

Ֆինանսների փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահին ԱՌՔԱ քարտերի թիվը մոտ 500 հազար է։

Leave a Comment