ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կանխել են վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հրապարակման՝ սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել անչափահաս Ռ․Գ․-ի մարմնի տարբեր մասերին, իսկ դեպքից որոշ ժամանակ անց վերջինս ընկերոջ՝ Ա․Թ․-ի հետ պլանավորել է սպանել Հ․Տ․-ին և Ս․Կ․-ին։
Նշվում է, որ Ռ․Գ․-ն զրուցելու պատրվակով պետք է հանդիպեր նրանց, իսկ Ա․Թ․-ն սպասեր նախապես ընտրված թաքստոցում, ապա նախապես վերցված հրազեններով պետք է սպանեին նրանց։ Ռ․Գ․-ն սույն թվականի սեպտեմբերին նաև դանակով հարվածներ էր հասցրել անչափահաս Դ․Մ․-ի մարմնի տարբեր մասերին:
Ռ․Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն, պատժվում է մինչև 20 տարի ազատազրկմամբ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով (անչափահասի նկատմամբ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ), Ա․Թ․-ի նկատմամբ՝ 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը)։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Ս․Կ․-ի, Հ․Տ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է մինչև 10 տարի ազատազրմամբ)։
Ս․Կ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Հ․Տ․-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
